70-ամյա արցախցի Ղարիբ Բաբայանի կալանքի հարցով դատական նիստն ավարտվել է, վճիռը կհրապարակվի մեկուկես ժամ անց: Այս մասին հայտնեց Բաբայանի փաստաբան Աբգար Պողոսյանը:
Նա նշեց, որ կալանքի միջնորդությունը ամբողջությամբ պետք է մերժվի:
«Ամեն դեպքում հանրային քրեական հետապնդումը որեւէ չնչին հիմնավորվածություն չունի, դժվար է իրավական առումով մեկնաբանել մի բան, որը իրավունքի հետ կապ չունի»,-ասաց նա:
Փաստաբանը նաեւ ասաց, որ գրառման մեջ որեւէ թշնամանք ու ատելություն չկա ոստիկանության եւ իշխանության նկատմամբ:
Հիշեցնենք, որ Ռազմավարական հետազոտությունների անկախ կենտրոնի էջում ավելի վաղ տարածվել է տեսանյութ, որում ըստ տեսագրությունը տարածած Ղարիբ Բաբայանի մի խումբ ադրբեջանցիներ Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն երգ են երգում Ղարաբաղի մասին: Բաբայանը նշել էր, որ դա խայտառակություն է, հարց էր բարձրացրել, թե որտեղ է ոստիկանությունը եւ ինչու են Հայաստանում շարունակում հանդուրժել դավաճանական իշխանությանը: Ավելի ուշ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ տեսագրությունում պատկերված անձիք Իրանի քաղաքացիներ են:
ԱԱԾ-ն հաղորդում էր ներկայացրել քննչական կոմիտե Բաբայանի դեմ՝ իշխանության եւ ոստիկանության ծառայողների նկատմամբ ատելության խոսք տարածելու համար, հարուցվել էր քրեական վարույթ, այնուհետեւ Բաբայանը ձերբակալվել էր:











