«Հենց հիմա ես 100 դրամ չունեմ անգամ, որ հաց առնեմ, իսկ ինքը իր տան մեջ նստած աղայի նման ապրում է, պամիդորով ձվածեղ է ուտում։ Տրանսպորտի գումար էլ չունեի, չեմ վճարել»։ Այս մասին այսօր փետրվարի 3-ին, NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում ասաց տրանսպորտի թանկացումը բոյկոտող քաղաքացիներից մեկը։
«Էս ինչ ա ժողովրդի վիճակը, խմբերով կանգնում են կանգառում, տրանսպորտ չկա, նորմալ չի աշխատում։ Ժողովուրդը չգիտի՝ էդ 150 դրամը ինչի համար ա տալիս, ում համար ա տալիս»,–նշեց քաղաքացին՝ շեշտելով, որ տրանսպորտային բարեփոխումները, որոնց մասին խոսում է քաղաքային իշխանությունը, չի նկատում։
Նշենք, որ երրորդ օրն է՝ ինչ շատ քաղաքացիներ շարունակում են բոյկոտել տրանսպորտի թանկացումը:
Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը նախօրեին նշել է, որ հույս ունեն, որ բոյկոտը այսօրվանից մեծ թափ է առնելու, որովհետեւ բոյկոտին միանալու են ուսանողներն ու աշխատող քաղաքացիները:
Հիշեցնենք՝ Երևանի ավագանին 33 կողմ ձայնով ընդունել է որոշումը, որով 1 ուղևորության համար սահմանվել է 150 դրամ, գործելու են նաև միասնական տոմսային համակարգի փաթեթները։











