Մամուլում այնքան մտացածին հրապարակումներ կան իմ մասին, որ ես ինքս եմ շոկի ենթարկվում, թե ես ինչեր  կարող է ունենայի կամ ըստ այդ մամուլի հրապարակումները ունեմ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին, ԱԺ-ում լրագրղների հետ զրույցում նշեց Պետական վերահսկողության ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե արյդոք նորմալ է համարում, որ 300 պաշտոնատար անձ 2 միլիարդի նվիրատվություններ են ստացել, ընդ որում Վեդու համայնքապետ Գարիկ Սարգսյանը 43 միլիոնի նվեր է ստացել իր հորքուրի տղայից:

«Եթե մամուլում կա հրապարակում, այնպես չէ, որ դա 100%-անոց ճշմարտություն է։ Ես ձեզ խնդրում եմ՝ գրավոր այդ հարցումն արեք, ես ձեզ գրավոր ստուգված, պարզաբանված պատասխաններ ներկայացնեմ:

Պաշտոնատար անձանց նման թանկարժեք նվերներ տրամադրելը կարգավորված է օրենքով, հայտարարագրման օրենքով, նաև կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն է այդ ուղղությամբ աշխատում: Այստեղ բնականաբար, իմ գնահատականը միանշանակ է, իհարկե դա խնդիր է, իհարկե դա անընդունելի է, Իսկ կոնկրետ փաստերի մասով խնդրում եմ գրավոր հարցում արեք, ես ձեզ պատասխանեմ»,-ասաց Պետրոսյանը:

Ինչ վերաբերում է նրան, որ նույն Գարիկ Սարգսյանը կողմ է քվեարկել համապատասխան նախագծին, որի արդյունքում 1.2 միլիոն դրամի պարգեւավճար է ստացել, ՊՎԾ պետն ասաց. «Եթե մեր գլխադասային հանձնաժողովի նիստին հետևեիք, կտեսնեիք, որ ՊՎԾ մասին օրենքի նախագծի մեջ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության պետական միջոցների տնօրինման մասով մեր լիազորությունները ահագին ընդլայնել ենք և հստակեցրել ենք:

Թեեւ ՏԻՄ-երը սահմանադրորեն մեր երկրում անկախ են, ՊՎԾ-ին որոշակի լիազորություններ են վերապահվել, պետական միջոցների կառավարման օրինականությունը և արդյունավետությունը բարձրացնելու համար:

Այս օրենքը, որ մտնի ուժի մեջ, այդ լիազորությունների շրջանակներում կարող ենք մենք որոշ ՏԻՄ-երում, այդ թվում ձեր առաջարկով նաև Վեդի համայնքում որոշակի վերահսկողություն իրականացնել և ձեզ պատշաճ պատասխան տալ:

Ճշտող հարցին՝ ինքն իրեն պարգեւատրելու րոշումը բարոյական հմարո՞ւմ է, Ռոմանոս Պետրոսյանը պատասխանեց. «Եթե ցանկացած ՏԻՄ ղեկավարին օրենքով վերապահված է որևէ լիազորություն, ապա այդ լիազորության իրականացումը դուք բարոյական հարթության մեջ, խնդրում եմ, մի գնահատեք: Այդ լիազորության իրականացումը պետք է գնահատել բացառապես իրավական հարթության մեջ»:

Ես խնդրահարույց համարում եմ, երբ լիազորություններից դուրս են գալիս թե տեղական ինքնակառավարման մարմնի թե պետական կառավարման համակարգի մարմիններում:

Ձեր հարցը բարոյական հարթության մեջ է, եկեք բարոյական գնահատականը չտանք իմ թիմակիցներին: Գարիկ Սարգսյանը իմ թիմակիցն է»:

Հիշեցմանը, որ պետք է արդարամիտ լինել, արդար դատել, նա արձագանքեց. «Այո ես արդարամիտ եմ: Եթե իրեն վերապահված լիազորություններով ինքը կարող էր պարգևավճար իրեն տրամադրել, այդտեղ գնահատական ես չեմ կարող տալ: Եթե չտրամադրեր իրեն պարգևավճար, ես կասեի՝ կեցցես Գարիկ ջան, բայց բա դու ո՞նց ես ապրում Գարիկ ջան, 200 հազար դրամ ամսական աշխատավարձով»:

ՊՎԾ պետը նաև տեղեկացրեց, որ իրենք գործունեության արդյունքում պետական կառավարման մարմիններում արերևույթ խախտումների արդյունքում շուրջ մեկ միլիարդ դրամ պետական բյուջե է վերականգնվել 2024 թվականին: