Ժողովուրդը մերժում է տրասնսպորտի թանկացումը եւ չի պատրաստվում 100 դրամից ավելի վճարել: Այս մասին լրագրողներին հայտնեց ավագանու՝ «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գեւորգ Ստեփանյանը՝ կոչ անելով իշխանություններին դուրս գալ փողոց եւ քաղաքացիներից կարծիք հարցնել:

«Ժողովրդին դեմ մի΄ գնացեք, եկե΄ք, կանգնե΄ք կանգառներում մեզ հետ, ժողովրդին կբացատրենք, որ դուք եք ընդունել էս օրենքները սխալմամբ, հետողորմյա արեք եւ ժողովրդին հանգիստ թողեք, թող երթեւեկեն ձեր իսկ բարեփոխված, իրականում չբարեփոխված տրանասպորտում»,-ասաց նա:

Նա հավելեց, որ բոյկոտի ակցիաները արդյունք են տալիս, շատերը սկսում են չվճարել արդեն թանկացած սակագանով: Ստեփանյանն ասաց, որ բոյկոտելու են այնքան ժամանակ՝ մինչեւ չվերականգնվի հին սակագինը:

«Բոյկոտելու ենք, անվճար երթեւեկելու ենք, ասելու ենք շնորհակալություն, մինչեւ իրենք չվերադառնան հին 100 դրամներին, որովհետեւ Երեւանի բյուջեն միլիարդավոր դրամներ է հավաքում գույքահարկից, աղբահանությունից եւ այլ տուրքերից, այսինքն Երեւան քաղաքը հնարավորություն ունի տրանսպորտը թողնել 100 դրամ, մնացածը սուտ եւ կեղծիք է»,- հավելեց նա: