Ավինյանն ասում էր՝ ասեք կանենք: Հիմա ասում ենք՝ տոմսը սարքի 50 դրամ, այն 100 դրամը չէինք կարողանում վճարել, հիմա էլ հասցրել է 150 դրամ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց տրանսպորտի թանկացման դեմ բողոքող քաղաքացիներից մեկը:
«Հլը թող սպասի, ակցիաներ է լինելու աղբահանության թանկացման, ամեն ինչի համար: Այնպես չի, որ ինքը տաք նստել է ու վերջ, իր պադավատները նայեք»,-ասաց նա:
Մեկ այլ երեւանցին էլ ասաց. «Հիմա այնպիսի վիճակ է, տելիվիզորը նայում ենք, հենց դրանք են, մի հատ թքում եմ ու անջատում եմ: Նրանք նայելու մա՞րդ են, լսելու մա՞րդ են, հավատա՝ ճնշումս բարձրանում է։ Դրանք մարդ չեն, դրանք թշնամուց վերան են: Հենց այս իշխանությունը: Նրանց միջից մենակ գիտես ո՞վ է կրթված՝ ԱԳ նախարարը, որ խոսում է, զգում ես՝ կրթված մարդ է: Սրանք սարից են իջել, չոբաններ են, ոչ մի կրթություն չունեն»,-ասաց նա:
Կանգառում կանգնած կանանցից մեկն էլ հայտարարեց, որ չի վճարելու այնքան ժամանակ, մինչեւ չվերադառնան հին սակագները՝ 50 դրամ եւ 100 դրամ. «Թող թոշակս սարքեն 150,000, խնդրեմ 150 դրամ վճարեմ, բայց ես ստանում եմ 36,000 դրամ ու երեք ամիս իրենց մեղքով արդեն կտրել եմ, մինչև փաստաթղթերս ստուգեն։
Ես հիմա ոչինչ չեմ ստանում, չեմ էլ պատրաստվում վճարելու, ես վճարեմ «Սիսին» գնա Ամերիկա, քթերը քաշի, գա՞: Ես այդքան հիմար չեմ: Ես չեմ վճարում, բոյկոտելու եմ մինչև վերջ:
Այդ նոր շարժակազմի գումարը դրած է իմ երեխեքի, իմ թոռների վզին, ամբողջ կյանքները աշխատելու են փակեն: «Գազելների» ժամանակ կռացած էի գրկում խալխի մարդին, ավտոբուսի մեջ՝ կանգնած եմ գրկում, ոչ մի տարբերություն չկա, յա կռացած, յա կանգնած»:











