Շենգավիթ վարչական շրջանում քաոսային իրավիճակ է ստեղծվել. մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի հարևանությամբ գտնվող կանգառասրահում տասնյակ քաղաքացիներ տևական ժամանակ ավտոբուսների են սպասում։

«20 րոպե ա՝ ավտոբուս եմ սպասում, չեմ կարողանում նստել, մարդիկ շատ են։ Այս վիճակում էլ 150 դրամ են ուզում ուղևորության համար։ Մութն ընկավ, չեմ կարողանում աշխատանքից տուն գնալ։ Արդեն 3-4 հատ ավտոբուս բաց թողեցի»,–նշեց կանգառասրահում ավտոբուսի սպասող քաղաքացիներից մեկը՝ շեշտելով, որ նման պայմաններում չի պատրաստվում 150 դրամ վճարել հանրային տրանսպորտից օգտվելու համար։

«Ավինյանն ասում էր՝ ասեք, կանենք։ Հիմա ասում ենք՝ 100 դրամ դարձրու տրանսպորտի գինը»,–հավելեց քաղաքացին։

Արդեն 4-րդ օրն է քաղաքացիները շարունակում են բոյկոտել տրանսպորտի թանկացումը: Նշենք, որ առավոտյան նույնպես բողոքի ակցիաներ են անցկացվել:

Բոյկոտին մասնակցում են ավագանու «Մայր Հայաստան»  խմբակցության անդամները՝ հորդորելով չվճարել ընդհարապես՝ մինչեւ օրինական սակագին կսահմանվի:

Հիշեցնենք՝ Երևանի ավագանին 33 կողմ ձայնով ընդունել է որոշումը, որով 1 ուղևորության համար սահմանվել է 150 դրամ, գործում  են նաև միասնական տոմսային համակարգի փաթեթները։