Հայ-ճապոնական հարաբերությունների զարգացման մեծ պոտենցիալ կա, որը, ցավոք այսօր լավագույնս չի օգտագործվում: Նման տեսակետ NEWS.am-ի գիտահանրամատչելի «Բա իմացա՞ր» ալիքի EXPERT հաղորդման շրջանակներում հայտնեց միջազգայնագետ, ճապոնագետ, տնտեսագիտության թեկնածու Աննա Վարդանյանը:
«Հայերն ու ճապոնացիները բազմադարյա պատմություն և մշակույթ ունեցող ազգեր են և միմյանց հետ ունեն շատ նմանություններ: Ճապոնիայի պատմությունը ևս հայտնի է անկումներով և վերելքներով: Ճապոնագիտությունն ուսումնասիրելով փորձում եմ հասկանալ, թե ի՞նչ են արել ճապոնացիները, որ կարողացել են թվացյալ անդունդից վեր խոյանալ թե՛ տնտեսության, թե՛ մշակույթի ոլորտներում և թե՛ մարդկային հոգեբանության առումով»,-ասաց ճապոնագետը՝ նկատելով, որ երկու երկրների միջև հնարավոր է արդյունավետ համագործակցություն արհեստական բանականության ոլորտից մինչև մշակութային երկխոսություն:
Ի դեպ՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում վերջերս ներդրվել է ճապոնագիտություն առարկան, որը դասավանդվում է միջազգային տնտեսագիտական հարաբերություններ մասնագիտացմամբ ուսանողների համար:
«Ուսանողների համար շատ հետաքրքիր է ուսումնասիրել Ճապոնիայի փորձը` հատկապես տնտեսական զարգացվածության տեսանկյունից: Ճապոնիան այնքան թաքնված նրբություններ ունի թե՛ մշակույթի, և թե՛ տնտեսության հետ կապված, որոնք հետաքրքիր է ուսումնասիրելը:
Աննա Վարդանյանը նաև տեղեկացրեց, որ այս տարվա ապրիլին Ճապոնիայում կմեկնարկի OSAKA 2025 համաշխարհային էքսպոն, որին մասնակցելու է նաև Հայաստանը՝ հույս հայտնելով, որ հայկական տաղավարի միջոցով լավագույնս կներկայացնենք մեր երկիրն ու ճապոնացիների մոտ հետաքրքրություն կառաջանա Հայաստանի նկատմամբ:
Աննա Վարդանյանի հետ զրուցել ենք նաև իր հեղինակած «Տոկեի Մարու․ ճապոնական նավի հետագծով», ինչպես նաև վերջին՝ «Մարգարտի հետքերով. Հայաստանից Ճապոնիա» գրքերի, հայ և ճապոնացի ժողովուրդների պատմության բացահայտված և չբացահայտված էջերի, գիտական հետազոտությունների ընթացքում հանդիպած դժվարությունների, հայ-ճապոնական հարաբերությունների զարգացման հեռանկատների և այլ հարցերի շուրջ:
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:











