Սա իմ տունն է, ես Մհեր Ախտոյանի եղբայրն եմ, նախաքննությունը կավարտվի, ամեն ինչ պարզ կլինի: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Փարաքար խոշորոացված համայնքի Մերձավան բնակավայրի ղեկավար Մհեր Ախտոյանի եղբայրը՝ անդրադառնալով գիշերը տեղի ունեցած ողբերգական դեպքին:

Հարցին՝ ո՞վ էր հարձակվել իրենց տան վրա, նա պատասխանեց. «Տեղյակ չեմ, նախաքննությունը կավարտվի, ամեն ինչ պարզ կլինի»:

Նա նույն պատասխանն էր տալիս նաեւ մնացած հարցերին, թե ի՞նչ կրակոցի հետքեր են տան դարպասների վրա, վիրավորն ո՞վ է, ինչ հանգամանքներում է սպանվել իրենց հարազատը:

«Մի բան կարող եմ ասել սա իմ բնակարանն է, իմ եղբոր բնակարանն է, հարձակում է եղել տան վրա, նախաքննությունը կավարտվի, ամեն ինչ պարզ կլինի»,- նշեց նա ու մտավ տուն:

Նշենք, որ այս գիշեր Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում զինված հարձակում է տեղի ունեցել բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ: Կա մեկ զոհ, մեկ վիրավոր: Սպանվածը Ախտոյանի հորաքրոջ որդին է, վիրավորը՝ ընկերը:

Հարեւանները NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին, որ սպանվածը 30 տարեկան Գրիգոր Օհանյանն է, ով նոր էր նշանադրվել, պատրաստվում էր ամուսնանալ: Նա փորձել է օգնության հասնել իր հարազատներին եւ կրակոցները նաեւ իրեն են դիպել:

Դեպքի վայրում հայտնաբերվել են պարկուճներ, արյան հետքեր, նաեւ կրակոցների հետքեր:

Նշենք, որ թե գյուղապետի տան, թե դիմացի տան վրա կան տեսախցիկներ եւ հավանաբար ամեն ինչ ֆիքսվել է:

Քննչական կոմիտեից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, 335-րդ հոդվածով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 44-155-րդ հոդվածի 1-ին մասով: