Դեռևս դեկտեմբերի վերջից Փաշինյանն սկսեց հերթական ասուլիսների, հարցազրույցների շարքը, և մի հստակ կարմիր թել է անցնում, որ պատրաստվում են հերթական զիջումների: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունից Աղաջանյանը:

«Այսինքն իրենք ենթադրում են, որ հանրային դժգոհությունը որոշակիորեն մարել է, սրբազան պայքարը իրենց հաշվարկներով որոշակիորեն թուլացել է և իրենք ժամանակային միջանցք են ստացել իրենց խոստումները հերթական անգամ ի կատար ածելու համար և սկսվել է այդ ցիկլը: Երբ ես ասում եմ՝ իրենց, նկատի ունեմ նաև իրենց առաջին թելադրող թուրք-ադրբեջանական տանդեմին և նրա վերևը կանգնած անգլոսաքսոնական խորքային պետության այդ տերերին, որոնք հստակ հրահանգներով իրենց ուղղորդում են:

Չմոռանանք, որ դեկտեմբերի սկզբին բոլորիս համար խիստ անսպասելի կարճ ժամանակահատվածում Սիրիան ուղղակի հանձնվեց թուրքական ֆինանսավորմամբ և աջակցությամբ գործող ահաբեկիչների խմբակին, մյուս կողմից էլ Իսրայելի բանակը սկսեց տարածքային զավթումների իր գործընթացը:

Եվ իրենց համար կարծես թե, պատեհ պահ էր ստեղծվել նաև այս տարածաշրջանում հերթական անգամ իրենց ծրագրին հասնելու, որի վերջնանպատակը Ռուսաստանի և Իրանի կազմաքանդումն է՝ Ռուսաստանին այստեղից դուրս բերելու միջոցով: Նրանք հաշվեցին, որ սիրիական  զարգացումների արդյունքում, իբրև թե Ռուսաստանը երևի թե թուլացել է, թեև ես վստահ եմ, որ այդ հաշվարկները շատ սխալ են, և Իրանը էապես թուլացել է և շատ լավ պատեհ շրջան է Իրանի դեմ գործողությունները սկսելու համար:

Իսկ դրա համար կրիտիկական է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացվելը: Եվ պատահական չէ, որ այդ շրջանում մենք սկսեցինք տեսնել ակտիվացած թեզեր թե՛ թուրքական կողմից, թե՛ մեր իշխանությունների կողմից, փորձելով արդարացնել իրենց մոտեցումները և դրան հակընդդեմ իրանական կողմից հստակ արգելանք դնելը, որովհետև Իրանը շատ լավ հասկանում է նման քայլի հեռահար նպատակները»,- հայտարարեց դեսպանը:

Նրա խոսքով, այս նույն տրամաբանության մեջ էր նաև շտապողաբար ԱՄՆ-ի հետ ինչ-որ ռազմավարական գործընկերության հանձնաժողովի կանոնադրություն անունով փաստաթղթի ստորագրումը, որը էապես ոչինչ չի տալիս, բացի երկու կարևոր էլեմենտից։

«Մեկը իրանական սահմանի վերահսկողությունը աստիճանաբար փոխանցելն է արևմտյան ուժերին, սկզբնական շրջանում այսպես փորձագիտական աջակցության միջոցով սահմանային կարողությունների ամրապնդման անվան ներքո ամերիկյան փորձագետների տեղաբաշխմամբ։  Դրա նպատակը հայ-իրանական սահմանը արևմտյան վերահսկողությանը հանձնելն է, որպեսզի այդ փոխադրումները, որը հիմնական լինելու է ռազմական տեխնիկա, որևէ վերահսկողության չենթարկվեն։

Ինչպես, օրինակ, Եվրամիության դիտորդներ կոչվածի պարագայում, նրանք աներևակայելի արտոնություններ սահմանեցին, նրանց թույլ տալով անգամ անսահմանափակ, անվերահսկելի ներկրումներ անել:

Հստակ քայլեր են արվում, համաձայնությունները վաղուց են ձեռք բերվել, եթե կհիշեք, անգամ 2023 թվականի վերջին սկսվեցին նորից խոսակցությունները, որ կարող է ինչ-որ արևմտյան մասնավոր ընկերություն սպասարկել:

Այս ամենը պատահական խոսակցություններ չեն, համաձայնությունները վաղուց եղել են։ Խնդիրն այն է, որ քաղաքական համաձայնությունը կամ առանց իրավիճակի սրման դա սահուն կերպով իրականացնելը բավականին բարդ է, որովհետև նախ մեր հանրությունը արդեն հասկացել է՝ ինչ է կատարվում, երկրորդ, իրենք բնականաբար չեն ուզում Իրանին կանխազգուշացրած լինեն գալիք գործողությունների մասով և դրանով խաթարել իրենց ծրագրերի հաջողությունը»,- ընդգծեց Ձյունիկ Աղաջանյանը:

Նրա խոսքով, Ադրբեջանի կողմից Իրանի դեմ գործողությունները ծրագրի մեջ են և որի համար թե իսրայելական հետախուզական կենտրոններն են ստեղծվել Արցախի օկուպացված տարածքներում, թե ռազմական բազաներ են ստեղծվել, թե այնտեղ ներբերված այդ ահաբեկիչները չեն հեռացվել, այսինքն այդ բլոկը սպասողական վիճակում է, և նրանց սպասարկելու համար գործողություններ պարագայում պետք ռազմական տեխնիկան տեղափոխելու հնարավորություն, որի համար կրիտիկական է հայ-թուրքական սահմանի բացվելը, և Զանգեզուրի միջանցք կոչվածը, որը նշանակում է ցամաքային փոխադրման հնարավորություն առանց օտարի աչքերի, առանց վերահսկողության։

Հարցին՝ եթե Թւրքիային պետք է հայ-թուրքակն սահմանի բացումը, ինչու է դեմ հանդես գալիս, դեսպանը պատասխանեց. «Թուրքիան և Ադրբեջանը 2022 թվականի ռուս-ուկրաինական հակամարտության զարգացումներին զուգահեռ շատ լավ հասկացել են, որ առաջինը արևմտյան ռազմապահեստները դատարկված են։ Ամերիկյան և արևմտյան ռազմարդյունաբերությունը չի հասցնում անգամ ուկրաինական պահանջներին համապատասխան արտադրանք տալ։ Դրան գումարած իսրայելական հատվածի ռազմական գործողություններ:

Դրան եթե հավելենք Իրանի դեմ գործողությունը, այսինքն ստացվում է, որ Թուրքիան իր ռազմական տեխնիկան օգտագործելու է, իր երկիրը դնելու է հարվածի տակ, չունենալով երաշխիքներ, ինչը ուներ մինչև 2022 թվականը: Որովհետև ամերիկյան գերակայության առումով երևակայական պատկերացումներ կային, որոնք փլուզվեցին ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում, օրեցօր ջարդելով այն առասպելական փուչիկները, որ մարդկանց ուղեղների մեջ ներմուծել էին, թե՛ իրենց տնտեսական կարողությունների, թե՛ իրենց ռազմական կարողությունների, թե ունեցած իրենց ռազմական տեխնիկայի իրական հնարավորությունների, թե քաղաքական կշռի առումով և էլ ավելի սարսափելի, նրանց այսպես շեփորահարած մարդու իրավունքների, ժողովրդավարության սկզբունքները, որոնք իրենք դրեցին ու ոտքի տակ տրորեցին ամբողջ աշխարհի աչքի առաջ՝ կազմակերպելով Արցախում ցեղասպանություն, կազմակերպելով Գազայում ցեղասպանություն և տոտալ լռություն պահպանելով այդ առումով, կուլ տալով դա իրենց քաղաքական նպատակահարմարությունից ելնելով:

Այսինքն մենք ունենք ցեղասպան պետություն Ադրբեջանի տեսքով և արևմտյան ժողովրդավարության, մարդու իրավունքների անունից այսպես հանդես եկող Եվրոպա կոչվածը չի բարեհաճել անգամ մեկ թթու խոսք ասել Ադրբեջանի կամ նրա նախագահի հասցեին։ Հակառակը, նրան կոչում են վստահելի գործընկեր»,- ասաց նա: