Մեր թիմը բաղկացած է երկու կուսակցությունից՝ «Ազգային առաջընթաց» և «Նոր ուժ», որը գլխավորում է Հայկ Մարությանը և անկուսակցականներից, մեր բոլոր կանայք, օրինակ անկուսակցական են: Այս մասին այսօր՝ փետրվարի 11-ին, Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելա Աբգարյանը՝ անդրադառնալով խոսակցություններին, թե իրենց թիմը թեւերի է բաժանվել, Հայկ Մարությանը առանձին իր թևի հետ է, մյուսները այդքան էլ նույն գծի մեջ չեն:

«Այստեղ դժվար է ասել պառակտում, տեղի է ունեցել զատում երկու կուսակցությունների միջև և յուրաքանչյուր կուսակցություն գտնում է, որ ինքը արդեն Ազգային Ժողովի ընտրություններին ընդառաջ ինքը իր ոճն է որդեգրել, իր սկզբունքները ունի: Եթե մենք միավորվել էինք, որպեսզի այստեղ կռիվ տանք Երևանի համար, այդ առումով տարբերություն չկա, խմբակցությունը ընդհանուր մնում է իր ընդդիմադիր դիրքի մեջ»,-ասաց նա:

Իզաբել Աբգարյանը խոստովանեց, որ իրենց խմբակցության նիստերին արդեն բավականին տևական ժամանակ է, որ «Ազգային առաջընթաց» կուսակցության անդամները չեն մասնակցում. «Նրանք գտնում են, որ իրենք առանձին պետք է իրենց որոշումները կայացնեն:

Ես կասեի՝ հարցը ամբիցիաների մեջ է, որովհետև գաղափարական հարց, իշխանություն, թե ընդդիմություն մեզ մոտ չկա, հարցը ներքին ամբիցիաների մեջ է պարզապես»: