Մի կին կա, որ մեկ տարի է իրեն հալածում են ձեր ենթակայության տակ գտնվող մարդիկ. ոնց որ ծանոթ-բարեկամական ինչ-որ հարցեր են: Խոսքը տիկին Մարիամի մասին է, ով բնակվում է Մոսկովյան 8 շենքում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 11-ին, Երեւանի ավագանու նիստում իր արտահերթ ելույթում նշեց Երեւանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը:
«Երևանի բոլոր ֆասադները սաղ բերել, գցել ենք տեղը, այդ կնկա լվացքի պարանները հատուկ եկել, կտրել են, ասում են՝ ֆասադը փչացնում եք բակի ներսում։
Այդ կինը նաև 1-05 է զանգել, իրեն այնպիսի անհեթեթ պատասխաններ են գալիս, որ դա ինձ շատ բան է հուշում: Ես չեմ ուզենա, որ մենք այդ հարթակներում սկսենք իրար հետ ինչ-որ հարցեր քննարկել։
Խնդրում եմ հրահանգավորեք ձեր կենտրոնի թաղապետին և իր ենթականերին, որ Մոսկովյան 8-ով զբաղվեն, որովհետև այդ լվացքից բացի, այնտեղ բազմաթիվ ապօրինի շինություններ կան և այդ շենքի պադվալում ինչ-որ մեկը քանդել է պատմամշակույթային շենք հանդիսացող այդ առկաները և այնտեղ ինչ-որ գործողություններ է անում, վարձով է տալիս և այլն: Այդ կնկան քրքրում են, սենց ասած»,- հայտարարեց Ավագյանը:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը դիմեց Կենտրոն վարչական շչջանի ղեկավար Պետրոս Պետոյանին. «Պարոն Պետոյան, տիկին Մարիամի լվացքի պարանները ինչի եք կտրել»: Սա ծիծաղ առաջացրեց դահլիճում:
Պետոյանը պատասխանեց. «Եղել է բողոք քաղաքացու կողմից, որ այգու մեջ տեղադրված են լվացքի պարաններ, որոնք ապամոնտաժվել են: Այդտեղ դրված են մեծ ձողեր, այդ ձողերի վրա՝ պարաններ, այդ պարանների վրա՝ սավաններ: Այսինքն այդպես բրազիլական կոլորիտով ինչ-որ վիճակ էր»:
Վահան Ավագյանն ընդհատեց. «Բրազիլական կոլորիտը օպերայի դիմացի Թումանյան 19-ն է, որ ֆասադներին նայեք, կհասկանաք: Գնացել եք պատվերով մարդուն չարչարում եք, քրքրում եք»:
Պետոյանը շարունակեց. «Տիկնոջը լսել ենք, քրքրելու մասով կարծիքները տարբեր են, ոնց որ տիկինն է ընդհանուր առմամբ այդտեղ քրքրում բոլոր բնակիչներին: Մենք պարոն Ավագյանի հետ քննարկել ենք, այդ բոլոր խնդիրները գույքագրել ենք, մենք հիմա սպասում ենք ՏԻՄ-ի մասին նոր օրենքին, որ այդ անօրինական նավեսները կարողանանք ապամոնտաժել ու տիկնոջ բարձրաձայնած մնացած խնդիրները լուծել:
Այն, որ այդտեղ կան այլ անօրինական բաներ, չի ենթադրում, որ այդ տիկինը պետք է ողջ բակի մեջտեղում իր լվացքը փռի»:











