Վիզաների ազատականացումից, որ դուք խոսում եք, ապշում եմ ուղղակի, դուք ձեր հերթերը տեսե՞լ եք դեսպանատների մոտ։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 12-ին, ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին նախագծին:
«Հիմա դեսպանատներում ոչ հնարավոր է ժամադրություն վերցնել, ոչ էլ համարյա հնարավոր է անձամբ գրանցվել: Միջնորդ կազմակերպության հետ կոռուպցիոն սխեմա եք գծել։ Քանի՞ ամիս է տևում ձեր օրոք վիզա ստանալը ու քանի ամիս էր տևում դա հինգ տարի առաջ: Վիզաներ եք ազատականացրե՞լ:
Վախենամ, հեչ ձեզ դուր չգա եվրոպական ժողովրդավարությունը։ Դուք մի ուժ եք, որ ով ձեր դեմ ցույց է արել, ասել եք՝ հակապետական ուժ է, եսիմ ում մարդն է, եսիմ ում հատուկ ծառայության ներկայացուցիչն է: Դուք ԵՄ-ում եղե՞լ եք, տեսե՞լ եք այնտեղի ցույցերը: Դուք պատրաստ չեք տարրական քննադատություն լսել ձեր հասցեին, ուր մնաց այն ցույցերը, որ արվում են ԵՄ երկրներում, արվեին ձեր դեմ»,-ասաց նա:
Ընդդիմադիր պատգամավորը իր խոսքն ամփոփեց անեկդոտով. «Մեկն ասում է՝ թողեք, թողեք, պիտի գնամ խփեմ: Մարդն ասում է՝ թողեք, մեկ ա, ծուռ է խփելու: Հիմա ձեզ ել կարող ենք թողնել, մեկ է՝ ինչ էլ հայտարարեք, չեք անելու:
Շնորհակալություն տիկին Մարիա Կարապետյանին իր անկեղծության համար, որովհետև դուք բացահայտում եք, թե ինչի է այս օրակարգը պետք։ Մարիա Կարապետյանը երեկ ասում է՝ Հայաստանը Ռուսաստանի և Արևմուտքի միջև չի։ Հայաստանը հարևանների միջև է: Հիմա հարցնում ենք, այդ հարևաններից, տիկին Մարիա Կարապետյան, ու՞մ միջոցով եք ԵՄ-ը գնում։ Իրանի՞, Վրաստանի՞: Դա ենք ասում, որ դուք Արևմուտքի ու Ռուսաստանի միջև ընտրություն չեք անում, դուք Թուրքիայի ու տարածաշրջանային ուժերի միջև եք ընտրություն անում, ու դուք միշտ ընտրում եք Թուրքիան»,- ընդգծեց նա:











