«Ասում եք՝ բանակցային գործընթացին ծանոթացել ենք Իլհամ Ալիևից։ Նախկին նախագահներից ոչ մեկի հետ չե՞ք խոսել։ Ձեր ԱԳ նախարարին հարց ենք տվել, ասում ենք ՝ մնացած ԱԳ նախարարների հետ հանդիպում կազմակերպե՞լ եք։ Ասում է՝ կարիքը չենք տեսնում։ Դե կգնաք Իլհամ Ալիևի հետ կխոսեք էլի»։ Այս մասին այսօր՝  փետրվարի 12-ին, կառավարության հարցուպատասխանի ընթացքում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատագամավոր Գառնիկ Դանիելյանը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին։

«Կամ էսքան ասվում է՝ որևէ բանակցային փուլում Արցախը Հայաստանի կազմում ճանաչելը չի եղել, բայց պարզվում է, որ եղել ա։  Իսկ Մեղրիի մասով, խորհրդային միության տարբեր առաջնորդներից Ադրբեջանի առաջնորդները ցանկացել են, որ կապը լինի Նախիջևանի հետ, բայց ոչ մեկ չի գնացել էդ քայլին։ Էդ ձեր թղթերի վիճակն ի՞նչ ա, որ չեք կարողանում Քի Վեսթի թուղթը գտնել արխիվներից»,–հավելեց Գառնիկ Դանիելյանը։

Հարցին ի պատասխան, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ մասին բազմիցս խոսել է։

«Վերադառնանք 2018 թվական ապրիլի 17, ես էստեղ չեմ եղել, Սերժ Սարգսյանն ասել է, որ բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում, որովհետև Ադրբեջանի ակնկալիքներն անիրատեսական են և անընդունելի մեզ համար»,–նշեց նա։

Փաշինյանը հավաստիացրեց, որ իրենց կողմից վարված բանակցությունները փաստագրված և արխիվացված են։ 

«Վաղը մյուս օրը պետք չի լինելու լեզվակռիվ անել, թե ով ինչ է արել։ Ամեն ինչ փաստագրված է։ Մնացած մասով, կա իրողություն։ Սա որոշում է, որը կտոր–կտոր հավաքվում է, որովհետև դա պետք է հատոր–հատոր դրված լիներ»,–նշեց նա։

ԱԺ պատգամավոր Գեղամ ՄԱնուկյանի հարցին, թե ումից է ստացել պաշտոնը, Փաշինյանը պատասխանեց. «Ես Սերժ Սարգսյանից չեմ ստացել, Կարեն Կարապետյանից եմ ստացել պաշտոնը»: