«Ասում ա օրական 27 հազար դրամ աշխատողն իրավունք չունի քիչ հարկ տա, 5 օր է՝ մի հատ դամաշնիկ եմ ծախել, որն արժե 1500 դրամ, ի՞նչ 27 հազար դրամի մասին է խոսքը»։ Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին, կառավարության մոտ բողոքի ակցիայի ժամանակ NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսվարողներից մեկը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի ելույթին, որտեղ նա ասում էր, որ տնտեսվարողները, որոնք տարեկան 10 մլն դրամի շրջանառություն ունեն, վճարում են ընդամենը 500 հազար դրամ, ինչն անթույլատրելի է։
«Մեզ մեծ մասշտաբի գործ անողների հետ ա համեմատում, փոքրերի հարկն էլ հետն ա թանկացնում»,–ասաց տնտեսվարողներից մեկը։
Տնտեսարողներին անհանգստացնում է նաև այն հանգամանքը, որ մարդիկ նախընտրում են գնումներ կատարել առցանց խանութներից, որտեղ ապրանքի գինն ավելի ցածր է, որովեհտև առցանց խանութների համար հարկեր սահմանված չեն։
«Նրանք ոչինչ չեն վճարում, իսկ մեր հարկերը անընդհատ բարձրանում են, մենք չենք կարող մրցակցել առցնանց խանութների հետ։ Օրերով առևտուր չենք անում, ասում ենք՝ չեն հավատում։ Թագավորները չարչիի շոր հագած մտնում էին շուկաները, տեսնեն ինչ վիճակ ա, թո՛ղ ինքն էլ մտնի ժողովրդի մեջ, տեսնի ինչ վիճակում են մարդիկ»,–ասաց ակցիայի մասնակիցը։











