«Դուք տնտեսվարողներին ստիպում եք, որ աշխատեն ստվերում։ Եթե այսպես շարունակվի, մենք գանք, իրենք մեզ բանի տեղ չդնեն... մի՛ արեք այնպես, որ ժողովուրդը գնա ընդվզումների, ինչը շատ վատ հետևանքներ կարող է ունենալ»։ Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին, կառավարության մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց տնտեսվարողներից մեկը՝ դիմելով կառավարությանը։

«Մենք կարող ենք այնպիսի բաներ անել, որ հարկային ոլորտը տուժի։ Մենք կարող ենք կազմակերպել ու ընդհանրապես ՀԴՄ–ներ չմիացնել, կարող ենք չէ՞։ Ու ոչ մեկը չի կարող գալ ասել՝ ինչու՞ առևտուր չեք արել։ Չի եղել, չենք արել։ Մի՛ բերեք դրան, եկեք հաշվի նստեք մեզ հետ»,–ասաց ակցիայի մասնակիցը՝ շեշտելով, որ փոփոխություններն իրականացրել են՝ առանց ոլոտը պատշաճ ուսումնասիրելու։

Նշենք, որ կառավարության շենքի դիմաց այս պահին հերթական բողոքի ակցիան են իրականացնում շրջանառության հարկի փոփոխությունից դժգոհ տնտեսվարողները:

Նրանք նշում են, որ հունվարի 1-ից ուժի մեջ մտած այս փոփոխությունը մի քանի անգամ ավելացրել է իրենց հարկային բեռը, ինչի հետեւանքով կարող են լուրջ խնդիրների առաջ կանգնել։