«44-օրյա պատերազմից հետո չհուղարկավորված մարմիններից փոքրաթիվ դեպքեր կան, որ վերջին շրջանում հուղարկավորվել են»։ Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ հուղարկավորությունը զոհերի հարազատների համաձայնությամբ է միայն իրականացվել։
Նրա խոսքով, կան նաև դեպքեր, երբ մասունքները նույնականացված են, սակայն հարազատները հրաժարվում են ընդունել արդյունքները, այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։
«Աշխատանքներն այս ուղղությամբ շարունակվում են, մենք նաև միջգերատեսչական հանձնաժողովի խմբի շրջանակներում աշխատանքներ ենք տանում՝ որպեսզի մենք կարողանանք ի վերջո բոլոր աճյունները հուղարկավորել»,–ասաց Անահիտ Ավանեսյանը՝ չնշելով, թե քանի նման դեպք կա։
Նա նշեց, որ բոլոր այդ դեպքերում Հայաստանում և արտերկրում իրականցրած փորձաքննությունների արդյունքները համընկնում են։











