«Փաշինյանը ընտրվելուց առաջ խոստումներ էր տալիս, ասում էր՝ քաղաքացին տուգանվելու մատերիալ չի, էսօր հարկայինի տեսուչների բանակ են ստեղծել»։ Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին, կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց տնտեսվարող Ռոման Ավանեսովը։

«Հարկայինի տեսուչները խմբերով գալիս են, մեկին ուղարկում են ապրանք առնելու, կտրոնը տպում ես, 2-րդին ու 3-րդին են ուղարկում, էնքան են անում, որ կարողանան բռնեն կտրոն չտպելիս։ Կամ էլ նենց իրավիճակ են ստեղծում, որ առևտուր անելիս խառը լինես, միամիտ կտրոնը չտպես, գան տուգանեն, է՞դ ա իրանց նպատակը»,–ասաց նա։

Նա նշեց, որ կառավարության դիմաց հավաքված տնտեսվարողներից ոչ ոք 2026 թվականին կայանալիք ընտրությունների ժամանակ չի ընտրելու ՔՊ–ին։

«Գառի դեպքով գայլ էր, դիմակը հանեց։ Եկավ ավտոբուսի դեմը պառկեց, ասեց ժողովուրդ ջան, ձեզ համար եմ անում։ Է՞ր էր անում ժողովրդի համար։ Բա՞ էս ժողովուրդն ինչ ա եկել հրապարակում հավաքվել, հո՞ պարապ նստած չէին»,–ասաց տնտեսվարողը։

Հիշեցնենք, որ կառավարության շենքի դիմաց այս պահին հերթական բողոքի ակցիան են իրականացնում շրջանառության հարկի փոփոխությունից դժգոհ տնտեսվարողները:

Նրանք նշում են, որ հունվարի 1-ից ուժի մեջ մտած այս փոփոխությունը մի քանի անգամ ավելացրել է իրենց հարկային բեռը, ինչի հետեւանքով կարող են լուրջ խնդիրների առաջ կանգնել։