Երբ ԱՄՆ-ում ընտրություններ էին, ՀՀ իշխանությունները Վաշինգտոնում գտնվող մեր դեսպանատան միջոցով ակտիվ կերպով աջակցել է Հարիսի նախընտրական կամպանիային և կոչ էր անում հայերին աջակցել Հարիսին, այլ ոչ թե Թրամփին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Հայաքվե» ազգային քաղաքացիական նախաձեռնության անդամ Արմեն Մանվելյանը՝ հավելելով, որ այն վերաբերմունքը, որ ունի հիմա Թրամփի վարչակազմը Հայաստանի այսօրվա իշխանությունների հանդեպ, հենց դրանով է պայմանավորված։
Նա հիշեցրեց, որ երբ ՀՀ վարչապետը մեկնել էր ԱՄՆ, ամեն կերպ փորձում էր հանդիպել գոնե ինչ-որ մեկի հետ, և դա հենց այդ բացը լրացնելու փորձ էր, այդ սխալը շտկելու փորձ էր. «Բայց դա քիչ հավանական է, որովհետև Թրամփի իշխանությունը հստակ կերպով ցույց է տալիս, որ ինքը դասական արժեհամակարգի, ընտանեկան արժեքների, քրիստոնեական արժեհամակարգի վրա հիմնված քաղաքական ուժ է, և իրենք աջակցելու են նմանատիպ հիմնական քաղաքական ուժերին։ Այս առումով Հայաստանը գործող իշխանությունների թեթև ձեռքով, կորսվել է քիչ թե շատ լավ հարաբերություններն ԱՄն-ի հետ: Մենք ունենք վատ հարաբերություններ Ռուսաստանի հետ, ԱՄՆ-ի հետ: Ժամանակը ցույց տվեց, որ առանց ԱՄՆ-ի աջակցության ԵՄ-ն չի հանդիսանում աշխարհաքաղաքական կենտրոն, չունի այդ ազդեցությունը»,-ասաց նա:
Դիտարկմանը՝ Հայաստանը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելով հոսանքին հակառա՞կ է գնում, նա արձագանքեց. «Եթե վերլուծենք մեր իշխանությունների հատկապես արտաքին քաղաքականությունը, հատկապես անվտանգության հետ կապված, ապա այն մի բառով կարելի է կոչել տապալում։ Իրենք տապալել են մեր ամբողջ անվտանգային համակարգը, ոչնչացրել են նախկինում գործող ստատուս քվոն կամ տարածաշրջանային անվտանգության ամբողջ ճարտարապետությունը: Մենք փչացրել ենք հարաբերությունները Իրանի հետ:
Այս ամենի ֆոնին մենք իբր գնում ենք ԵՄ: Այդ կեղծ հայտարարության տակ, փաստորեն երկիրը տանում ենք Թուրքիայի վերահսկողության ներքո: Թուրքիան է այսօրվա գործող վարչակազմի անվտանգության երաշխավորը»:











