Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը շատ ավելի մեծ հանրային ռեզոնանս առաջացրեց, քան Նիկոլ Փաշինյանի հարցազրույցները միասին վերցրած, եև դա ՔՊ-ականների ախորժակով չէր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«Նրանք պետք է ամեն ինչ անեին, վարկաբեկեին, փորձեին ուշադրությունը ոչ թե Քոչարյանի հարցազրույցի վրա սևեռել, այլ իրենց խառնափնթոր մեկնաբանությունների։ Հիմա պարզ է, որ իրենք փորձում են այն տպավորությունը ստեղծել, որ իրենք արևմտամետ են, գնում են դեպի ժողովրդավարություն, մնացած բոլորը ռուսների գործակալներն են։ Բայց հիշեցնեմ, որ երբեք Հայաստան տնտեսական կախվածությունը Ռուսաստանից այսքան էական չի եղել, ինչպես իրենք իրենց օրոք։ Իսկ Արևմուտքի բոլոր իրավապայմանագրային հարաբերությունները կնքվել են դեռևս նախորդ երեք իշխանությունների օրոք:
Արանով իհարկե իրենք փորձում են ոչ միայն ուրիշներին մեղադրել, այլ նաև ցույց տան, թե իրենք անմեղ են, թե ինչ կարող էին անեին, եթե ռուսները ոչ մի բան չարեցին։ Ինչի՞ չարեցին իրենց օրոք, իսկ անում էին այլ ժամանակներում, դա իհարկե շատ ավելի լուրջ վերլուծության խնդիր է։ Թե ինչո՞ւ էր, օրինակ, Ադրբեջանը միշտ բողոքում, որ Ռուսաստանը Հայաստանին այդքան զենք է ձրի տալիս, իսկ իրենց օրոք հանկարծ պարզվեց, որ միայն հնդիկներն են մի քանի այդ հրթիռ տալիս»,- հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:











