Խնդիրներին լուծում տալով գնում ենք, Շիրակի մարզում շատ մեծ ծավալի շինարարական աշխատանքներ են գնացել և հիմա շարունակվում են նոր շինարարական աշխատանքները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը:

«Այս փուլում հին աշխատանքների ստուգումներն են, աշխատանքային խումբը գնում, ծանոթանում է արված աշխատանքներին, արձանագրում է թերությունները, եթե այդպիսիք կան: Մեր համար շատ կարևոր է շինարարության աշխատանքի որակը և ժամկետները:  Անթույլատրելի է, որ Գյումրիում, Շիրակի մարզում անորակ շինարարություն ունենալ կամ ժամկետները խախտել»,-ասաց նա:

Անդրադառնալով խոսակցություններին, որ Գյումրիում փորձում են տնօրեններին լծել ընտրական գործընթացներին, մարզպետն ասաց. «Ես, որպես մարզպետ, իմ ենթակայության տակ եղած կառույցների ղեկավարների հետ պարբերաբար հանդիպում եմ, դրանից առաջ հանդիպել էի պոլիկլինիկաների, ամբուլատորիաների տնօրեններին, դրանից հետո այց եմ ունեցել բժշկական կենտրոն: Հիմա կարելի է իմ բոլոր այցերը և հանդիպումները փաթեթավորել ընդդիմադիր դաշտում որպես հրահանգ։  Դուք լավ գիտեք, որ մեր կառավարությունը որևէ հրահանգով չի աշխատում և մեր կառավարությունը այն կառավարությունն է, որը անցկացնում է արդար, մաքուր ընտրություններ:

Որևիցե հրահանգ, վարչական լծակ մեր կառավարությունը երբևիցե չի օգտագործել և վստահեցնում է, որ 2025-ին Գյումրու ընտրություններին ևս չի օգտագործվելու»: