Գյումրիում քարոզարշավ է սկսվելու, բնականաբար այդ ընթացքում բոլորս լծվելու ենք այդ գործին, որպեսզի մեր թեկնածուն անցնի, և ոչ միայն նրա համար, որ մեր թեկնածուն մեր Սարիկն է, այլ նաև նրա համար, որ այս կարճ ժամանակահատվածում տեսնում ենք, թե ինչ աշխատանքներ է անում Սարիկը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը:

Անդրադառնալով պնդումներին, որ իշխանությունն ամբողջ թափով լծվել է Գյումրիում իր թեկնածուի քարոզարշավի գործին և ամբողջ ռեսուրսները կենտրոնացրել են, նա աասաց. «Բնական է, որ կուսակցական գործընկերները իրենց կուսակցության թեկնածուի քարոզարշավի մեջ ներգրավված են լինելու: Այդտեղ որևիցե զարմանալու բան չկա: Պարզ է՝ ես որպես մարզպետ ներգրավված եմ լինելու գործընթացի մեջ, բայց արձակուրդ եմ գնալու, որպեսզի կարողանամ լիարժեք իմ թիմի կողքին կանգնել:

Բնականոն երևույթ է, երբ որ մեր ՔՊ-ն ունի թեկնածու և կուսակցության անդամները, համակիրները բոլորը մասնակցելու են քարոզարշավին և օգնելու են մեր թիմակցին, մեր թիմին: Այդտեղ տարօրինակ կամ զարմանալու որևէ բան չեմ տեսնում»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ խտրական մոտեցում է, որ ՔՊ-ի թեկնածուն՝ լինելով քաղաքապետի պաշտոնակատար, իր կատարած աշխատանքները որպես PR է օգտագործում, մարզպետն ասաց. «Այո, այստեղ անարդարացի մոտեցում կա, Սարիկ Մինասյանի և մյուս թեկնածուների գրաֆիկի առումով: Մյուս թեկնածուները բոլորը քարոզարշավ են անում, պարոն Մինասյանը, լզված է քաղաքի խնդիրները լուծելով։ Այո, անարդարացի է, որովհետև պարոն Մինասյանը չի հասցնում քարոզարշավ անել, զբաղվել նախընտրական գործընթացներով:

Երբ քաղաքապետը իր կաբինետում նստած է ու դուրս չի գալիս, ասում ենք՝ քաղաքապետը կաբինետով է կառավարում քաղաքը։ Երբ քաղաքապետը դուրս է գալիս ժողովրդի հետ շփվելու, որպեսզի հասկանա խնդիրները ներսից ու իր գործը համակարգի, ասում ենք՝ ինքը քարոզարշավ է անում, ինչո՞ւ է դուրս եկել։ Սարիկ Մինասյանը անում է այն աշխատանքը, ինչ որ պիտի անի, ու ընտրվելուց հետո Սարիկ Մինասյանը շարունակելու է նույն ձևով իր աշխատանքը տանել։

Այստեղ որևիցե օրենք չի խախտում, իմ համար ընդհանրապես մեկ է, թե մամուլը ինչ է գրում, ինձ համար կարևոր է, որ քաղաքացին խնդիր բարձրաձեր Սարիկ Մինասյանին, նա այդ խնդրին լուծում տվեց: Ընտրությունների ժամանակ արդեն բուն քարոզարշավի փուլում արդեն այլ հենց տրամաբանական քարոզարշավ կլինի, քաղաքական քարոզարշավ կլինի, որը կբերի մեր թիմին հաջողություն»,-ասաց նա: