Այդ դիրքորոշումը շատ սխալ է, որովհետև եթե կան քրեական տարրեր նախընտրական պրոցեսներում, այս պրոցեսներում իրենք են առաջադրվել, մենք չենք առաջադրել իրենց: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը՝ անդրադառնալով խոսակցություններին, որ Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ն փորձում են Գյումրի ընտրությունները քրեականացնել և ասել՝ տեսեք, նախկինները գան, Գյումրիում քրեական տարերը շատանալու են:

«Մեղադրել մեր թիմին քրեական որևիցե գործընթացների մեջ, միանշանակ անտրամաբանական է:

Բայց մասնակիցներն իրենց տեսակով երևի թե առաջացնում են հարցեր, որոնք որոնց պատասխանները քաղաքացիները կտան։ Այս իրավիճակը, որ ստեղծվել է Գյումրու շուրջ, հանգուցալուծում պիտի ունենա: Ամեն թեկնածու իր բնորոշումն ունի, այս պարագայում քաղաքացիները իրենք են արդեն այդ բնորոշումները տալիս, ոչ թե մենք ենք կազմակերպել այս ամեն ինչը: Մենք կազմակերպում ենք արդար և մաքուր ընտրություններ, ինչպես միշտ»,-ասաց նա:

Հարցին՝ ո՞ւմ են լուրջ մրցակից դիտարկում, որովհետև արդեն կան թեկնածուներ, որ հայտ են ներկայացրել, նա պատասխանեց. «Առաջադրված թեկնածուներ կան, ընդհանուր քարոզարշավին դեռ ժամանակ կա: Ես կոչ եմ անում բոլոր մասնակիցներին, որպեսզի մնան օրենքի սահմաններում, քաղաքը Գյումրին ցնցումների տանելու տեղ չէ, մենք բազում ցնցումներ տեսել ենք մեր քաղաքը, մեր ժողովուրդը: Կոչ եմ անում բոլոր թեկնածուներին չտրվել այն սադրանքներին, որոնք գուցեև ընթացքում առաջանան: Լինենք կոռեկտության սահմաններում։

Գյումրիում տեղի ունեցող ընտրությունները, պիտի լինի գյումրեցուն վայել, գյումրեցուն հարիր խոսույթով և գյումրեցու արժանապատվության պահպանմամբ։  Այս ընտրությունները թող դառնան օրինակ բոլորի համար, որովհետև Գյումրին ինչպես միշտ տարբերվել է և այս ընտրություններով ևս տարբերվելու է:

Մենք չենք անհանգստանում որևէ թեկնածուի հայտ ներկայացնելուց, մենք մեր վերլուծություններն ենք անում, գնահատում ենք թեկնածուների աշխատանք, որը բոլոր ընտրություններում արվում է: Վստահեցնում եմ, որ որևիցե թեկնածուի առաջադրմամբ ՔՊ-ն չի մտահոգվում, որովհետև մենք մեր նախընտրական ծրագիրն ենք ցույց տալիս, արված աշխատանքը և արվելիք աշխատանքը։

Եթե ձեզ թվում է՝ այդ մանկավարժը, որ 100-120 հազար դրամ աշխատավարձ էր ստանում ու հիմա 300-400 հազար աշխատավարձ է ստանում, ինքը չի տեսնում արված աշխատանքը, ոչ, ինքը ամեն ամսվա վերջում իր աշխատավարձ ստանալիս տեսնում է մեր իշխանության արած աշխատանքը»: