«Այն, ինչ երեկ վարչապետն ասաց Սահմանադրության վերաբերյալ, գաղափարական առումով՝ այսինքն, թե ինչու է մեզ պետք սահմանադրական ռեֆորմը, ինչու է խիստ անհրաժեշտ, որ ժողովրդի օրհնությանն արժանացած սահմանադրություն ունենանք, ինչպես դա կազդի իրավակարգի վրա, մոտեցումներ են, որոնք «Իրազեկ Քաղաքացիների Միավորում»–ը փորձում է առաջ տանել արդեն 3-4 տարի։ Մենք ուրախությամբ արձանագրում ենք, որ այդ թվում նաև վարչապետը համաձայնեց այդ մոտեցումների հետ և արդեն ինքն է դրանք արտահայտում»։ Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց «Իրազեկ Քաղաքացիների Միավորում» խորհրդատվական ՀԿ-ի ծրագրերի համակարգող, ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը՝ անդրադառնալով նոր Սահմանադրության անհրաժեշտության՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։
«Ինչ վերաբերում է աշխատանքի ընթացքին, ապա պետք է ասեմ, որ վերջին տարիներին ընթացքը եղել է խայտառակ դանդաղ։ Մենք, ըստ էության այս երեք տարում շատ ավելի քիչ արդյունք ենք ունեցել, քան օրինակ 2020 թվականի փետրվարին ստեղծված խորհուրդը, որն այն ժամանակ 7 ամիս գործեց։ Նրանք շատ ավելի ինտենսիվ են գործել և 7 ամսում ավելի շատ բովանդակություն են գեներացրել, քան այս երեք տարիների ընթացքում։ Վերջին մի տարում մենք երկու կամ երեք բովանդակային քննարկում ենք ունեցել։ Սա մեծ հաշվով պայմանավորված էր նրանով, որ նախարարներ Անդրեասյանը և Մինասյանը «բրախել էին» այս ոլորտը, այնպես ինչպես «բրախել էին» իրենց պատասխանատվության ներքո մյուս ոլորտները»,–ասաց Իոաննիսյանը։
Նրա խոսքով, դեռևս վաղ է խոսել այն մասին, թե նոր նախարարի օրոք ինչ հաջողություններ կունենա Սահմանադրության ռեֆորմը։
«Ամեն դեպքում մենք տեսնում ենք, որ նախարարը, կարծես թե, հաստատակամ է ռեֆորմը ինտենսիվ քայլերով առաջ տանել։ Ես չեմ կարծում, որ նոր թարմացված վերջնաժամկետներում լինի հայեցակարգ կամ նախագիծ, բայց էական առաջնընթաց հնարավոր է։ Սահմանադրությունը գրվում է հանրային առավելագույն ներգրավմամբ։ Ժողովուրդը պիտի իրեն գործընթացի մաս զգա, պիտի ժողովրդին համոզես, որ այդպես է ճիշտ, եթե չհամոզես՝ պիտի նահանջես։ Հակառակ դեպքում հանրաքվեի ժամանակ ժողովուրդն ուղղակի կողմ չի քվեարկի նրան, ինչ առաջարկում ես»,–նշեց նա։
Դանիել Իոաննիսյանի խոսքով, լավագույն դեպքում հանրաքվեն կարող է տեղի ունենալ 2027 թվականին, սակայն պետք է հաշվի առնել, որ 2026 թվականին ձևավորվելիք նոր խորհրդարանը նույնպես պետք է մասնակցություն ունենա Սահմանադրության ձևավորմանը։
«Նախքան հանրաքվեն, դեռ խորհրդարանը պետք է 2/3-րդով օրհնության արժանացնի նախագիծը։ Պետք է կոնսենսուս գտնել մի քանի կուսակցությունների հետ, ինչը ևս ժամանակ է պահանջելու։ Այս իշխանությունը շատ ռեֆորմներ է տապալել, կա նաև հավանականություն, որ սահմանադրական ռեֆորմը ուղղակի չի ստացվի տեսանելի ապագայում»,–ասաց նա։
Անդրադառնալով իրականացվող աշխատանքին, Դանիել Իոաննիսյանը նշեց, որ խոսքը չի գնում զրոյից նոր Սահմանադրություն գրելու մասին, գործող Սահմանադրությունը կարող է հիմք հանդիսանալ նորի համար։
«Կոնցեպտուալ առումով կա մոտեցում, որ Սահմանադրությունն իր մեջ պետք է պարունակի քիչ միկրոկարգավորումներ, պետք է լինեն ավելի «հիմնական խաղի կոններ սահմանող» կարգավորումներ»,–ասաց նա։











