Ստեղծվել են բոլոր բարենպաստ պայմանները Չինաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացումը բարելավելու համար։ Դրա մասին Երևանի Ա.Չեխովի անվան դպրոցում չինական Նոր տարվա տոնակատարության ժամանակ հայտարարել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի դեսպանի պաշտոնակատար Չեն Մինգը։

«Չինաստանում, սկսած Կոնֆուցիոսի ժամանակներից, մեծ ուշադրություն է դարձվել կրթությանը։ Ուրախ ենք, որ չինական Նոր տարին նշվում է հայկական դպրոցներում, ինչը նպաստում է երկրների մշակութային հարաբերությունների զարգացմանը։

Անցյալ տարվանից մեր երկրների միջև ուղիղ չվերթ է իրականացվում, գործում է առանց վիզայի համակարգ։

Կարելի է ասել, որ մեր երկրների միջև ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները հարաբերությունների ամրապնդման և զարգացման համար։ Մեր երկրների հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի և կրթության, մշակույթի և գիտության ոլորտներում կապերի ամրապնդման վրա։ Ամեն տարի մենք դրական դինամիկա ենք արձանագրում մեր հարաբերությունների զարգացման գործում»,- նշել է ՉԺՀ դեսպանի պաշտոնակատարը։