Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը նախօրեին՝ փետրվարի 19–ին, հանդիպում է ունեցել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Հաղթանակ» թաղամասի (4-րդ գյուղ) բնակիչներին ներկայացնող 5 հոգանոց խմբի հետ, քննարկել նրանց պատկանող հողերի փաստաթղթավորման եւ կարգավիճակի հարցը։ Հանդիպմանը մասնակցել են նաև Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը, քաղաքային իշխանության ներկայացուցիչներ եւ ԱԺ պատգամավորներ։
Բնակիչները հանդիպման ընթացքում ներկայացրել են 10 կետից բաղկացած իրենց պահանջները՝ վերացնել ավելորդ բյուրոկրատական քաշքշուկները, որոնք խոչընդոտում են հողերի գրանցմանն ու սեփականատերերի իրավունքների իրացմանը, նոր վերագոտիավորում՝ թաղամասում առաջացած անհամաչափությունները վերացնելու համար, առկա շինությունների օրինականացում, ինչպես նաեւ գերեզմանատան հարակից հատվածում սանիտարական գոտի սահմանելու որոշման չեղարկում։
«Հաղթանակ» թաղամասի բնակիչները չեն շտապում գնահատական տալ հանդիպման արդյունքներին, սպասում են պատկան մարմինների պատասխանին, որը խոստացել են տալ մի քանի օրից։
«ՏԿԵ նախարարը խոստացել է, որ լուծում կտա խնդրին, իսկ եթե լուծում չտրվի, ժողովուրդը պատրաստ է նորից անհնազանդության ակցիաների դուրս գալ»,– NEWS.am–ի հետ զրույցում ասաց թաղամասի բնակիչներից Արմեն Գևորգյանը։
«Ազգային ժողովի դեպուտատները ,ավագանիները, որ մի քիչ հաճախակի գյուղի մեջ պտտվեն, մարդկանց հետ հանդիպեն, ճիշտ բարձրաձայնվեն խնդիրները, ճանապարհ փակելու կարիք էլ չի լինի»,- նկատեց բնակիչներից Վարդան Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ բնակիչները փետրվարի 10-ին փակել էին «Հաղթանակ» թաղամաս տանող գլխավոր ճանապարհը՝ պահանջելով, որ իշխանությունը կատարի իր խոստումը եւ լուծի իրենց խնդիրը։
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ «Հաղթանակ» թաղամասի բնակիչները բարձրացնում են հողերի սեփականության հարցը։ Վերջին տարիներին նրանք մի քանի անգամ դիմել են քաղաքապետարանին և կառավարությանը՝ պահանջելով հստակ լուծում, սակայն երկար ժամանակ խնդրի լուծում չստանալով՝ վերջերս սկսել են բողոքի ակցիաներ իրականացնել։











