Թրամփը ցանկանում է լեզու գտնել Պուտինի հետ՝ Ռուսաստանին Չինաստանից պոկելու համար: Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ամերիկյան Լիհայ համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Արման Գրիգորյանը։
Ըստ նրա՝ Թրամփը ներկայացնում է քաղաքական գիծ, ըստ որի՝ ԱՄՆ արտաքին միջամտության քաղաքականությունն իրեն սպառել է, և դա թանկ է նստում երկրի վրա։
Նա հավելել է, որ «Սառը պատերազմի» ավարտից հետո ԱՄՆ-ին մրցակիցներ չեն մնացել, իսկ պոտենցիալ մրցակիցները ձգտում էին մերձենալ Վաշինգտոնի հետ:
«ԱՄՆ-ի հեգեմոնիան դիմադրության բացակայության պայմաններում էժան նստեց ամերիկացիների վրա։ «Սառը պատերազմի» ավարտից հետո թուլացավ նաև ամերիկյան իսթեբլիշմենթի լրջությունը, եւ նա սկսեց որոշումներ ընդունել՝ ելնելով ոչ թե ԱՄՆ ռազմավարական շահերից, այլ որոշակի խմբերի շահերից։
Այժմ արտաքին մրցակիցներ են ի հայտ եկել, որոնք հաջողությամբ դիմադրում են, ուստի Թրամփը ցանկանում է թուլացնել ԱՄՆ արտաքին ակտիվությունն ու կենտրոնանալ ներքին խնդիրների վրա։ ԱՄՆ-ում հանգել են այն եզրակացության, որ «Սառը պատերազմի» ավարտից հետո ստատուս քվոյի պահպանումն անհնար է։
Ռուսաստանի պահանջները կապված են Ուկրաինայի երաշխավորված չեզոքության, ինչպես նաև Ղրիմի և 4 այլ շրջանների՝ Ռուսաստանի կազմում ճանաչման հետ, և ինձ թվում էր, թե խաղաղության հասնելը դժվար կլինի, քանի որ ԱՄՆ-ը դրան չէր դիմի, իսկ Թրամփը կմեղմացնի իր դիրքորոշումը։ Բայց «բռնապետ» Զելենսկու մասին հայտարարություններից հետո կարծես թե կամուրջներ են այրվել։ «Այս մոտեցումը կարող է լուրջ ազդեցություն ունենալ»,- նշել է Գրիգորյանը։
Նրա գնահատմամբ՝ ամերիկա-ռուսական վերջին բանակցությունները և այլ գործընթացները վկայում են նրա մասին, որ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները քննարկում են ոչ միայն Ուկրաինան, այլև ռուս-ամերիկյան հարաբերությունների տրամաբանության փոփոխությունը։
Փորձագետը դա կապում է Միացյալ Նահանգների և Չինաստանի առճակատման հետ, քանի որ Վաշինգտոնում կարծիք կա, որ ամերիկյան արտաքին քաղաքականությունը խթանել է Ռուսաստանի և Չինաստանի մերձեցումը։
Քաղաքագետը կարծում է, որ Վաշինգտոնի և Պեկինի մրցակցության ֆոնին Թրամփը փորձում է պոկել Ռուսաստանը Չինաստանից՝ հավելելով, որ ռուս-չինական համագործակցության զարգացումը խթանվում է երկու կողմերի վրա արտաքին ճնշման պատճառով։
Գրիգորյանը եվրոպացի քաղաքական գործիչների քաղաքականությունն անհեռատես է անվանել:
Նրա գնահատմամբ՝ Ուկրաինայում եվրոպական զորքեր տեղակայելու մտադրության մասին հայտարարությունները հարցեր են առաջացնում՝ ցանկանում են եվրոպացիները շարունակել պատերազմը, թե ոչ՝ հաշվի առնելով նաև, որ Եվրոպան անվտանգության առումով լիովին կախված է ԱՄՆ-ից։ Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը ռազմական գործողություններ է սկսել հենց դա թույլ չտալու համար։











