Երեւանում այսօր առավոտյան տրանսպորտը կրկին լավ չի աշխատում, որի պատճառով մարդիկ ուշանում են աշխատանքից: Երևանյան կանգառներից մեկում ավտոբուսին սպասող կինը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ արդեն 30 րոպե ուշացել է աշխատանքից եւ դեռ չգիտի, թե երբ կհասնի:

«Արդեն 10 րոպե այստեղ սպասում եմ, բայց 15 թաղամասում շատ ավելի երկար եմ սպասել, և արդեն 30 րոպե ուշացել եմ»,-ասաց նա:

Հարցին՝ թե երեկ երեկոյան ինչպե՞ս է տուն հասել, նա պատասխանեց. «Շատ վատ, ժամը 6:00-ից չի եղել տրանսպորտ, ամուսինս ժամը 10-ն էր, նոր տուն է հասել: 51 համարի ավտոբուսը մինչեւ Շիրակ է բերել: Փողոցներում աղ չէին ցանել, հիմա նոր տեսնում եմ, որ այստեղ ցանում են։ Իսկ այնտեղ կես ժամից ավել կանգառում եմ եղել, տրանսպորտ չկար: Ու ցույց էլ չի տալիս, որ լինելու է կամ չի լինելու:

Իսկ տաքսիների գներն էլ ահավոր է: Ի՞նչ ենք ստանում, որ տաքսիներով երթևեկենք։ Երկու տրանսպորտ եմ փոխում, որ աշխատանքի հասնեմ»,- ասաց կինը:

Նա հավելեց, որ եթե այսօր էլ նույն վիճակը լինի, երեկոյան երեւի ոտքով տուն գնա: