Երբ մեծ երկրները սկսում են համագործակցել, գիտակցելով, որ իրենց շահերը ավելի կարևոր են և կարելի է զուգահեռել, ոչ թե առճակատվել, դա տեղի է ունենում ինչ-որ բաների հաշվին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց հասարակական, քաղաքական գործիչ Թևան Պողոսյանը:
Հարցին՝ հնարավո՞ր է արդյոք, որ Մոսկվան ու Վաշինգտոնը իրար հետ լեզու գտնելուց հետո չցանկանան լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, այլ շարունակեն պահպանել, նա պատասխանեց. «Եթե ցանկանային լուծարել, մինչ հիմա արդեն լուծարած կլինեին հենց իրենք: Բոլորը խոսում են, որ ՄԱԿ-ն իր ֆունկցիաները չի կատարում, բայց ՄԱԿ-ը ոչ մեկը չի լուծարում։ Եթե կա ինստիտուտ, ինչի մեջ ներդրումներ են արվել, պարզապես հենց այնպես չեն վերցնում և լուծարում: Բնականաբար այդ երկրները ունենալու են իրենց շահերից ելնելով լուծումներ։
Հիմա թե ինչպես կբաժանվի իրենց ընկալման մեջ Հարավային Կովկասը, դեռ չգիտենք: Թրամպը կարող է ասել՝ ինձ այլևս չի հետաքրքրում, Ռուսաստան, դու ինչ ուզում ես՝ արա, բայց մենակ մեր ներդրումները, որոնք եղել են Կասպյան ավազանում, նավթային ոլորտում, պետք է չվնասվեն։ Ըստ զարգացումների էլ մենք այդ ամենը զգալու ենք մեր իրական կյանքում»:
Թևան Պողոսյանի խոսքով, ցանկացած սցենար ազդելու է մեր տարածաշրջանի եւ մեզ վրա. «Եթե Թրամփը օժանդակելու է Իսրայելին և Իրանի դեմ գործողություններ է անելու, դա մեզ վրա չի ազդելո՞ւ, իհարկե, ազդելու է։ Հիմա մենք ասում ենք՝ վայ, Ուկրաինայում պատերազմը վերջացավ, Ռուսաստանը հզորացավ, կարող է մեզնով զբաղվել, բայց Ռուսաստանը նաև հիշելու է, թե ոնց են իրենց պահել Թուրքիան կամ Ադրբեջանը, երբ իր տեղը նեղն էր»:
Նա նկատեց, որ եթե անգամ Ռուսաստանն ու Ուկրաինան ինչ-որ թուղթ ստորագրեն եւ վիճակը հանդարտվի, միեւնույն է, այն զորքը, որ պատերազմ է տեսել եւ շատ անարդարություններ է տեսել, թույլ չեն տա մտնել հասարակություն եւ ուժային ձեւերով հարցեր լուծել. «Մտածելու են՝ եկեք մի հատ այլ կոնֆլիկտ ունենանք, որ այդ մարդիկ չմտնեն հասարակություն: Ցանկացած սցենար կարող է լինել, իսկ մենք որևէ սցենարի պատրաստ չենք»:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի փետրվարի 20-ի ուղերձին, Պողոսյանը կարծիք հայտնեց, որ դա Սահմանադրություն փոխելու մասին չէր, որ դրա նպատակը ղարաբաղյան շարժման տարեդարձը մթագնելն էր. «Որ ասի Թուրքիային և Ալիևին՝ տեսա՞ք, այդ օրը լրագրողները, քաղաքական գործիչները, փորձագետները միայն դրա մասին էին խոսում, և այդ օրը ընդամենը ֆեյսբուքում մի քանի հատ նկար կամ ստատուս եղավ, մարեց, գնաց, փետրվարի 20-ը ոչ ոք չհիշեց»:











