Ուկրաինայում թուրքական զորքերի տեղակայման վերաբերյալ հավանական համաձայնությունն ուշագրավ իրադարձություն կդառնա։ Դրա մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդման ժամանակ հայտարարել է թուրքագետ Վահրամ Տեր-Մաթևոսյանը։

«Մենք տեսանք, թե ինչպես են աշխատում թուրք-ռուսական մոնիտրոգային խմբերը ինչպես Սիրիայում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում։ Ընդ որում, կարևորն այն է, թե ինչ կարգավիճակով են նրանք տեղկայվելու Ուկրաինայում, եթե նման համաձայնություն ձեռք բերվի։ Եթե ​​խաղաղապահներ են տեղակայվում, դա մի բան է, իսկ եթե կան զորքեր՝ հրադադարի ռեժիմը հաստատելու համար, ինչպես եղավ Լեռնային Ղարաբաղում, դա այլ հարց է»,- նշել է նա։

Փորձագետի գնահատմամբ՝ հետխորհրդային տարածքն աստիճանաբար ռուս-թուրքական համատիրության է վերածվում։ Այդպես էր Հարավային Կովկասում, և այժմ Ուկրաինան կարող է նման հարթակ դառնալ։

«Հետխորհրդային տարածքը, ուզենք թե չուզենք, ռուս-թուրքական համատիրություն, ընդհանուր կառավարման տարածք է դառնում։

Միևնույն ժամանակ, Թուրքիային Ուկրաինայում նման լիազորություններ շնորհելը եվրասիական նշանակության տեկտոնական փոփոխություն կդառնա։ Բոլորը հասկանում են, որ Թուրքիան աշխարհաքաղաքական լուրջ նպատակներ ունի, և այնտեղ զորքեր տեղակայելը նրան հնարավորություն կտա հասնել ավելիին, քան նույնիսկ ինքն է հռչակել։ Թուրքիան երբեք չի հրաժարվել Ղրիմում իր նպատակներից, հանդես է գալիս որպես Ղրիմի թաթարների պաշտպան և պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։ Եթե ​​Ռուսաստանը համաձայնի նման որոշմանը, դա կհարվածի իր շահերին»,- նշել է Տեր-Մաթևոսյանը։

Ընդ որում, Ռուսաստանը թուրքական զորքերը կարող է ավելի ընդունելի համարել, քան եվրոպական զորքերը, հավելել է նա։

Թուրքագետի կարծիքով՝ ներկայում Թուրքիան ավելի շատ է շահում ռուս-թուրքական համագործակցությունից, քան Ռուսաստանը։