Հայաստանի Հանրապետությունը ոչ մի անգամ, ոչ մի տեղ, ոչ մի փաստաթղթով ոչ գրավոր, ոչ բանավոր չի համաձայնել, պարտավորվեր, որ տարածաշրջանաին ապաշրջափակման համատեքստում Հայաստանի ինքնիշխանությունը, իրավազորությունը, տարածքային ամբողջականությունը որեւէ ձեւով կարող է նսեմացվել, կամ որեւէ ձեւով կարող է սահմանափակվել: Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այսինքն սա ուզում եմ, որ մենք հստակ արձանագրենք: Եւ մենք պատկերացնում ենք, որ էն լուծումները, որոնք առաջարկել ենք, պատկերացնում ենք փոխադարձության սկզբունքով: Էլի ուզում եմ՝ մենք բոլորս հիշենք, որ ՀՀ-ում երկաթուղային ցանցի ամբողջականությունը ապահովում է Նախիջեւանի տարածքով»,-ասաց Փաշինյանը՝ նշելով, որ ավելին չի կարող բացահայտել՝ ելնելով նրանից, որ բանակցություններ են ընթանում:
Հարցին, թե արդյոք տեսնում պատերազմի վտանգ, Փաշինյանն ասաց. «Իմ գնահատականն այն է, որ տարածաշրջանում պատերազմի կամ էսկալացիայի ոչ պատճառ, ոչ նախադրյալ, հիմք եւ հիմնավորում չկա»:
Հարցին, թե ինչպես է գնահատում շանսերը Գյումրիի ՏԻՄ ընտրություններին, Փաշինյանն ասաց, որ գյումրեցին կասի իր խոսքը ընտրություններին:











