Չեմ կարծում, թե «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանին կառաջարկվի ՀՀ կառավարության փոխվարչապետի պաշտոնը։ Այս մասին մարտի 3-ին լրագրողների հետ զրույցում ասել է «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը։

Փոխվարչապետի պաշտոնում Արամ Սարգսյանի հնարավոր առաջադրման մասին խոսակցությունները քաղաքական գործիչն անհիմն կասկածներ կամ որոշակի տեղեկություններ կորզելու հնարքներ է անվանել։ Նա նշել է, որ «Հանրապետություն» կուսակցությունն անցյալ տարի ասել էր, որ կառավարումն ավելի արդյունավետ կդառնա, եթե ստեղծվի նոր փոխվարչապետի պաշտոն, որը կհամակարգի զարգացման եվրոպական ուղին։ «Բացի այդ, մենք հիմնավորեցինք, որ նոր փոխվարչապետի լիազորությունները պետք է ներառեն նաեւ աշխատանքը ԱՄՆ-ի հետ ստորագրված Ռազմավարական համագործակցության խարտիայի շրջանակում»,- ընդգծել է Զեյնալյանը։ Միաժամանակ նա նշել է, որ նոր փոխվարչապետի նշանակման հարցը խորհրդարանում քաղաքական մեծամասնության խնդիրն է։