Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), ոստիկանության  և փրկարար ծառայության աշխատակիցները, Բնապահպանության ու ընդերքի տեսչական մարմինը (ԲԸՏՄ) համատեղ ջանքերով հաջողությամբ փրկել և Վայրի կենդանիների փրկարար կենտրոն (WRC) են տեղափոխել Երևանի Սիլիկյան թաղամասում ավտոմեքենաների վերանորոգման կետում պահվող գորշ արջի:

Փրկարարական գործողությունը կատարվել է քաղաքացիների ահազանգից հետո, որոնք հիմնադրամին տեղեկացրել էին նեղ, խավար վանդակում պահվող արջի մասին:

Ըստ մասնագետների՝ կենդանին գտնվել է ծայրահեղ անբարենպաստ պայմաններում՝ զուրկ մասնագիտական խնամքից, համապատասխան սննդից և անհրաժեշտ կենսապայմաններից: Փրկության գործընթացին մասնակցել են նաև կենդանասերների համայնքի ներկայացուցիչներ, որոնք մտահոգ էին կենդանու ճակատագրով:

Հետաքննության ընթացքում պարզվել է, որ արջը նախկինում պահվել է Մալաթիա-Սեբաստիա թաղամասում, որտեղ Վարդան Վարդանյան անունով քաղաքացին բնակելի տարածքում, մանկապարտեզների և դպրոցների հարևանությամբ, շարունակում է պահել ևս 3 գորշ արջի՝ նույնպես անընդունելի պայմաններում: Թեև այս դեպքով հարուցված է քրեական գործ, սակայն մնացած արջերը դեռևս գտնվում են վատթար պայմաններում, իսկ հարակից բնակիչները շարունակում են ենթարկվել անմիջական վտանգի:

«Այս պայմաններն ուղղակի անըդնունելի են վայրի կենդանիների, այն էլ կարմիր գրքում գրանցված գորշ արջի համար», - լրագրողների հետ զրույցում ասաց Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:  Արջին քնեցնելուց հետո տեղափոխեցին Արարատի մարզի Ուրցաձոր բնակավայրում գտնվող Վայրի կենդանիների փրկարար կենտրոն, որտեղ կստանա անհրաժեշտ բժշկական օգնություն և խնամք:

Մանրամասները՝ տեսանյութում։