Հայաստանը խաղաղության պայմանագրի շուրջ չի բանակցում, Նիկոլը (Հայաստանի վարչապետ- խմբ.) Բաքվի հետ բանակցում է, թե ինչպես Հայաստանը հանձնի Թուրքիային ու Ադրբեջանին։ Այս մասին մարտի 5-ին լրագրողների հետ զրույցում ասել է ընդդիմադիր պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Աննա Մկրտչյանը։
Նրա համոզմամբ՝ Հայաստանի իշխանությունները ոչինչ չեն անում գերիներին վերադարձնելու համար եւ չեն բանակցում այդ հարցի շուրջ։ Նա բացատրել է, որ իշխանությունները ոչինչ չեն արել, որպեսզի այդ մարդիկ չհայտնվեն Բաքվի բանտում, իսկ հիմա ոչինչ չեն անում նրանց վերադարձնելու համար։
«Երբ ես մեջբերեցի Հայաստանի օմբուդսմենի զեկույցը, Ալեն Սիմոնյանը (ՀՀ խորհրդարանի նախագահ- խմբ.) հորդորեց հեքիաթներ չպատմել։ Ուրեմն, հայ գերիներին խոշտանգելը հեքիա՞թ է։ Սա է նրանց իրական վերաբերմունքը հայերի կյանքի նկատմամբ»,- ավելացրել է Մկրտչյանը։











