Եթե ես հացադուլ անեի այս իշխանությունների հետ որևէ բան խոսելու համար, թերևս ասեի՝ կլինի՞ չվնասեք այդ մարդկանց, որոնք գտնվում են Բաքվի բանտում: Այս մասին այսօր՝ մարտի 7-ին, լրագրողների հետ զրույցում նշեց արդեն 7-րդ օրը հացադուլ հայտարարած Մանե Թանդիլյանը:

«Այլ պահանջ նրանցից ունենալը ուղղակի միամտություն է։  Ես ցավով եմ սա ասում, որովհետև մեր պետությունը վերջապես իրենք են ներկայացնում այսօրվա դրությամբ ու դա մարդիկ են, որոնց հրապարակային խոսքերը վնասում են Բաքվի բանտում գտնվող մեր գերիներին։ Սա ամոթ է, և ես ուղղակի նրանց ասելիք չունեմ: Եթե այդքան ոչ խելք ունեն, ոչ հասկացողություն, որ իրենց հրապարակային խոսքերը վնասում են, էլ ի՞նչ պատկերացնեմ, թե իրենք ինչ-որ մի տեղ մի բան պիտի անեն։ Դուք նկատել, որ Ջարեթ Գենսերը այս օրերին սկսել է ընդամենը վերջերս հրապարակային ասել, թե ինչ պետք է արվի, որովհետև մեր իշխանությունները համարձակություն ունեն ստելու մեր հանրությանը, ասելով, թե իրենք ջանք են գործադրում, որը չի երևում։

Հիմա, երբ որ հրապարակային մենք նաև տեսնում ենք, որ այն տարրական ջանքերը, որոնք պիտի գործադրվեին և որոնց մասին առնվազն այդ մարդիկ տեղեկացված կլինեին, սա փաստ է ու ապացույց, որ ոչինչ չի արվում, եթե չասեմ, նպաստվում է, որ այդ մարդիկ ավելի երկար պահվեն Բաքվի բանտերում ու չվերադառնան։

Հետևաբար այս իշխանություններից մի պահանջ կարող է լինել՝ հեռանալ վերջապես իրենց այս անկարողությունը, անմեղսունակությունը իրենց հետ հավաքել տանելով»,- հայտարարեց Թանդիլյանը:

Դիտարկմանը, որ իշխանությունները հակադարձում են, որ եթե ոչինչ չեն արել, ինչպես են հարյուրավոր գերիներ ազատ արձակվել, նա ասաց. «Վստա՞հ եք, որ նրանց աշխատանքի շնորհիվ է դա: Նրանք այդպես միշտ կարող են պնդել, նրանք կարող են իրենց միշտ վերագրել լավ բաներ, իսկ վատերը գցել նախկինների, եղանակի վրա, հարևանի վրա, չգիտեմ, շան վրա ինչ-որ մի հատ, որը հաչած փողոցում, նրանք այդ մարդիկ են։

Նրանց մանիպուլյացիան և ստախոսությունը կարմիր գիծ չունի, սահման չունի։ Ես վստահ չեմ, որ իրենց ջանք են թափել ու այդ ջանքի շնորհիվ է։ Տարբեր այլ միջոցներ կան, և հիմա մենք աշխատում ենք այդ տարբեր այլ միջոցների ուղղությամբ, որ կարողանանք մեր գերիներին վերադարձնել։

Ահա արդեն յոթ գերի դատապարտված են և նստած են, դատն ավարտվել է: Նրանց կարողանո՞ւմ են վերադարձնել կամ արտահանձնել այլ երկիր, որ այնտեղ նստեն։ Ոչինչ չենք կարողանում: Եթե մի օր մի աշխարհաքաղաքական դերակատար այդ գործով զբաղվի, միգուցե ինչ-որ բան ստացվի, այնպես որ ինձ մի ասեք, թե դա իրենց ջանքերի շնորհիվ էր»: