«Փարաքար համայնքում գյուղեր կան, որտեղ բնակիչներից մեկը մյուսին բարև է տալիս, իրար ատամ են ցույց տալիս, սա անհանդուրժողականության դասական դրսևորում է։ Եվ եթե որևէ մի ուժ առավելություն ունեցավ մյուսի նկատմամբ, այս վենդետաները շարունակվելու են, դրա համար պետք է զսպել նման ուժերի՝ իշխանության գալու հնարավորությունը»։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Փարաքարի համայնքապետի թեկնածու Գոռ Սարիբեկյանը՝ նշելով, որ իրենց ուժը միակն է, որ կարող է համայնքից արմատախիլ անել արատավոր բարքերն ու կանխել հնարավոր վենդետաները։
Գոռ Սարիբեկյանը չբացառեց, որ ընտրությունների ժամանակ մթնոլորտը կարող է թեժանալ և կրակոցներ կհնչեն։
«Ցավոք սրտի, ես կարծում եմ, որ կլինեն նման արատավոր երևույթներ։ Բայց այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ բոլոր թեկնածուները և նրանց թիկունքում կանգնած ուժերն ավելի խոհեմ կլինեն և հանրային շահ ավելի բարձր կդասեն, քան խմբակայինը, և հաշվի կնստեն ժողովրդի այն կարիքների հետ, որոնք կան մեր համայնքում»,–ասաց նա։
Անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին՝ այն մասին, որ «Կայունություն» կուսակցությունը «Քաղաքացիական պայմանագրի» սատելիտ ուժն է, և աջակցելու է ՔՊ–ին, Սարիբեկյանն ասաց.
«Երբ որևէ քաղաքական ուժ ինչ–որ քաղաքական ուժի նպաստելու նպատակով մտնում է քաղաքական դաշտ, ես դա համարում եմ քաղաքական անբարոյականություն, որովհետև դա խարդավանք է ժողովրդի թիկունքում։ Ես որևէ ուժի հետ նախնական պայմանավորվածություն կամ համաձայնություն չունեմ, և չեմ ունենալու մինչև ընտրությունները։ Ընտրություններից հետո, երբ կձևավորվի ավագանու կազմը, ես հստակ ուղերձներ կանեմ, որոնց հիմքում լինելու է այն, որ մենք չենք պատրաստվում որևէ ուժի միանալ։ Եթե որևէ ուժ ցանկություն հայտնի միանալ մեզ, մենք դա կողջունենք»։
Մանրամասները՝ տեսանյութում։











