«Այդ գրկախառնության վերաբերյալ տեսանյութը որքան փնտրեցի, այդպես էլ չգտա։ Բնականաբար, հնարավոր է, եթե դատավարության ընթացքում՝ դահլիճում կամ բակում պաշտպանյալիդ հանդիպում ես, պետք է բարև տաս»։ Այս մասին այսօր՝ մարտի 10-ին, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների մրցույթի ժամանակ ասաց ՀԿԿ նախագահի թեկնածու Կարեն Բատիկյանը՝ պատասխանելով Դանիել Իոաննիսյանի դիտարկմանն այն մասին, որ համացանցում տեսանյութեր կան, որ Կարեն Բատիկյանը գրկախառնվում է քրեական ենթամշակույթ կրող՝ «Բանդուրյանների» հետ։
«Ինչ է նշանակում գրկախառնվել, չեմ հասկանում։ Ճիշտն ասած, ես նման բան չեմ հիշում, չեմ տեսել, բայց եթե եղել էլ է, չեմ հրաժարվում»,–հավելեց նա։
Հարցին, թե ինչպիսին են նրա պատկերացումները քրեական ենթամշակույթի վերաբերյալ, և արդյոք կհամաձայնի, որ քրեական ենթամշակույթին հարելը հակապետական և հակահանրային արարք է, Բատիկյանը պատասխանեց.
«Իմ կարծիքն այդ երևույթի վերաբերյալ շատ ծայրահեղ է, և դա հանրահայտ փաստ է, ես գտնում եմ, որ պետություն՝ պետության մեջ չպետք է լինի»։
Կարեն Բատիկյանը նշեց, որ երբ քրեական ենթամշակույթը քրեորեն պատժելի արարք դարձնելու մասին հայեցակարգը մշակվում էր, նա իր տեսակետն է ներկայացրել այդ առումով։
«Ես առաջարկում էի այլ, ավելի պրակտիկ մոտեցում՝ չնույնացնել օրենքով գողերին և քրեական հեղինակություններին, որովհետև դրանք տարբեր կրիմինոլոգիական հասկացություններ են։ Իմ տեսակը ինչ–որ առումով լսվեց, բայց նաև անտեսվեց»,–ասաց Բատիկյանը։
Կարեն Բատիկյանը նշեց, որ «ընկալվում է հասարակության կողմից որպես քրեական ենթամշակույթի փաստաբան» արատահայտությունն իր համար վիրավորական է։
«Կարծես թե, քողարկված վիրավորանք է իմ մասնագիտական գործունեության դեմ։ Եթե ես թմրամիջոցներով պաշտպանություն անեի, պիտի ասեին ես նարկոբարոնների փաստաբանն եմ, բռնաբարողներին պաշտպանեի. Պիտի ասեին բռնաբարողների փաստաբանն է և այլն»,–ասաց նա։











