Հայաստանի համար ավելի վատ վիճակ է ստեղծվել, քան 1915-ին էր, հիմա գործ ունենք միանգամից երկու թուրքական պետության հետ, մինչդեռ այն ժամանակ ներկայիս Ադրբեջանի տարածքը գտնվում էր Ռուսաստանի, իսկ հետո՝ ԽՍՀՄ ազդեցության տակ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է քաղաքագետ Արթուր Խաչիկյանը։

Նա բացատրել է, որ Ռուսաստանն այժմ չի ցանկանում առճակատման մեջ մտնել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ։ Խաչիկյանը չի բացառել, որ Մոսկվան շահում է Հայաստանում այնպիսի իշխանությունների առկայությունից, ինչպիսին հիմա է, որոնք անընդհատ զիջում են եւ ազատում Ռուսաստանին ստանձնած պարտավորությունները կատարելուց։ Նա վստահություն է հայտնել, որ Ռուսաստանը կարեւոր է Թուրքիայի եւ Ադրբեջանի համար՝ խոստովանելով, որ Մոսկվան գոհ է Հայաստանի դիրքորոշմամբ, որը թույլ է տալիս հանգիստ լուծել Թուրքիայի հետ իր հարցերը։ «Հայաստանը ֆորմալ առումով մնում է Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների մեջ, բայց իրականում մենք քանդեցինք այդ հարաբերությունները՝ Մոսկվային հասկացնելով, որ եթե ինչ-որ բան լինի, նա մեզ չի օգնի։ Մենք օգնում ենք Ռուսաստանին, որպեսզի նա մեզ չօգնի եւ դա հիմնավորի նրանով, որ Հայաստանը սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Հայաստանի իշխանությունները Ռուսաստանին ազատում են ցանկացած պարտավորություններից»,- նշել է փորձագետը։

Նրա գնահատմամբ՝ Հայաստանը կարեւոր չէ նաեւ ԱՄՆ-ի համար։ Նա ենթադրել է, որ Թրամփի վարչակազմի համար աշխարհի ամենակարեւոր պետությունը Իսրայելն է, որը, փորձելով մեկուսացնել Իրանը, մեծ նշանակություն է տալիս Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերություններին։

Քաղաքագետն ավելացրել է, որ Հայաստանը կանգնած է Արեւելքում թուրքական կայսրություն ստեղծելու ճանապարհին, որում կընդգրկվեն թյուրքալեզու ժողովուրդներ՝ վստահություն հայտնելով, որ Եվրոպան չի օգնի Հայաստանին։ «Մենք խանգարում ենք Ադրբեջանին եւ Թուրքիային միավորվել մեկ պետության մեջ՝ ընդդեմ Իրանի եւ Ռուսաստանի։ Այդ ծրագրերը համապատասխանում են նաեւ ԱՄՆ եւ Իսրայելի շահերին։ Իրանը դիմադրում է, բայց հիմա Թեհրանին ստիպում են համաձայնել միջուկային ծրագրի շուրջ գործարքին, ինչպես նաեւ չհակազդել Հայաստանով միջանցքի բացմանը»,- ընդգծել է նա։

Նրա կարծիքով՝ Հայաստանը պետք է շատ ակտիվ դիվանագիտական աշխատանք վարի։ Բայց իշխանությունները ոչինչ չեն անում։ «Դրա փոխարեն ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը միջամտել է այդ երկրի ներքին գործերին՝ միակողմանիորեն աջակցելով ընտրություններում Քամալա Հարիսին։ Իսկ Թրամփը դա չի մոռանա»,- ավելացրել է Արթուր Խաչիկյանը։