Իշխանությունները անզորությունից կեղծ թեզեր են տարածում, նրանք հասկանում են, որ առաջիկա ընտրություններում հաղթելու շանսեր չունեն: Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Մեր քաղաքը» դաշինքից Գյումրիի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը։
«Այդ իսկ պատճառով նրանք փորձում են քաղաքի բնակիչների ուշադրությունը շեղել «նախկին ու ներկա», «թալանված» և այլ թեզերով, թեև քաղաքի բնակիչներն ամեն ինչ հիանալի գիտեն»,- նշել է նա։
Գրիգորյանը հավելեց, որ Գյումրու քաղաքապետի իշխող կուսակցության թեկնածուի կապը նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հետ բոլորը տեսել են։
«Հարցը՝ այդ անձը ՀՀԿ-ի՞, թե՞ Փաշինյանի կուսակցությունից թեկնածու է, առ այսօր օդում կախված է։
Ես երբեք չեմ հրաժարվել իմ անցած ճանապարհից, ամաչելու բան չունեմ։ Ես 14 տարի եղել եմ պատգամավոր, որից 13-ը եղել եմ ընդդիմադիր դաշտում, ներառյալ՝ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի նախագահության օրոք, ինչպես նաև՝ հիմա։ Ես Սերժ Սարգսյանի օրոք իշխանությունում ընդամենը մեկ տարի եղել եմ: Խորհրդարանական ընտրություններին մասնակցել եմ «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակով, քանի որ հենց այս ուժի մոտ էի տեսնում երկրի առջև ծառացած ամենաբարդ խնդիրների լուծման հեռանկարը»,- ընդգծել է Գրիգորյանը։
Նա կրկնեց, որ ամաչելու բան չունի՝ երկիրը ներկայիս վիճակին հասցրած ուժի թեկնածուին կոչ անելով անհարմար զգալ:
«Ինչքան շատ իշխանությունները քննարկեն այս թեման Գյումրիում, այնքան լավ մեզ համար։ Դրանք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են, և այստեղ անձնական գործոնն ավելի կարևոր է, քան համապետական ընտրություններում»,- հավելել է Գրիգորյանը։
Նա վստահեցրեց, որ միանշանակ չի համագործակցելու իշխանությունների հետ: Միաժամանակ, քաղաքական գործիչը պարզաբանեց, որ կան մի քանի տարբերակներ, որոնք կիրառումը Գյումրիում հանձն կառնի ընդդիմությունը:
Նա տեղեկացրեց, որ մի քանի օրվա ընթացքում իշխանությունները սկսել են ավելի ակտիվորեն կիրառել վարչական ռեսուրսը։
«Եթե մարդկանց վախեցնում են կրճատումներով և հնչեցնում են այլ սպառնալիքներ, նրանք կարող են բանավոր համաձայնվել իշխանության պայմաններին, բայց քվեարկության ժամանակ կատարել իրենց ընտրությունը»,- նշում է Գրիգորյանը։
Նա չբացառում, որ իշխանությունները կարող են ուժայինների մասնակցությամբ շոու կազմակերպել ու թեժացնել մթնոլորտը։ «Իշխող կուսակցությունը համառորեն գնաց արտահերթ ընտրությունների ճանապարհով, և հենց այնպես իշխանությունը չի զիջի»,- հավելեց Գյումրու քաղաքապետի թեկնածուն։
Գրիգորյանը հերքեց որևէ մեկի, դրանց թվում՝ Վարդան Ղուկասյանի հետ հանդիպում անցկացնելու մասին տեղեկությունը: «Ոչ ոք ոչ մեկին առաջարկություն չի արել։ Իրավիճակը պարզ կդառնա միայն ընտրություններից հետո, բայց որոշումները միանշանակ իշխող կուսակցության օգտին չեն լինելու»,- ասում է նա։
Գրիգորյանը մատնանշեց զբոսաշրջության հետագա զարգացումը, որը քաղաքին աշխատատեղեր է ապահովում։











