Թեև իմ պաշտոնը քաղաքական է, բայց կա շատ հստակ դերաբաշխում ներքին գործերի նախարարի և ոստիկանության աշխատանքի մասով, և ոստիկանությունը շարունակում և շարունակելու է իրականացնել ապաքաղաքական գործունեություն։ Այս մասին այսօր՝ մարտի 13-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով Գյումրիի ընտրություններին իրավապահների առնչություններին:

Ինչ վերաբերում է ընտրացուցակներում անճշտություններին, նա ասաց. «Արդեն ՆԳ նախարարության պաշտոնական կայքէջում նախնական ցուցակները հրապարակված են և այս ցուցակների մասով, որպեսզի կարողանայինք հստակեցնել, հասկանալու կա օրինակ անճշտություններ տվյալներում, կան, օրինակ, մահացածներ, որոնք դեռևս շարունակում են մնալ ցուցակներում, համայնքային ոստիկանության օժանդակությամբ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը վերջնականացրել է այս ցուցակները և արդեն դրանք հանրային տիրույթում հասանելի տվյալներ են։

Եթե ընթացս, մեր քաղաքացիները նկատեն տվյալների հետ կապված որոշակի անճշտություններ կամ լրացուցիչ ցուցակ ներգրավելու հետ կապված հարցեր առաջանան, բնականաբար ըստ ընտրական օրենսգրքի այս կանոնները աշխատում են, խնդիր չկա»:

Նախարարը խոսեց նաեւ մամուլում տարածված տեղեկությունների մասին, ըստ որի, ահազանգեր կան, որ տարբեր վայրերից բերում են քաղաքացիների և գրանցում, օրինակ Գյումրիում, որ ընտրությունների ժամանակ նրանք ընտրեն. «Անկեղծ ասած, երբ ինձ հայտնի դարձավ, որ մեդիադաշտում շրջանառվում է այդ թեման, շատ անակնկալ էր, որովհետև առնվազն օրենսդրությանը ծանոթ մարդիկ պիտի իմանան, որ այսօր գրանցվելով Գյումրիում կամ Փարաքարում, դա չի տալու անձին հնարավորություն մասնակցելու մարտի վերջին կայանալիք ընտրություններին: Որովհետև անձը պետք է ունենա որոշակի ամսական կտրվածքով հաշվառում տվյալ բնակավայրում, որը որ նրան ընտրական իրավունքի հնարավորություն կտա։ Եթե անձինք տվյալ ժամկետից առաջ են գրանցվել և շարունակում են այնտեղ բնակություն հաստատել, բնականաբար, ըստ օրենքի տվյալ անձինք կունենան ընտրական իրավունք։

Եթե լինեն համանման ահազանգեր, խնդրում եմ ուղղորդել նախարարություն, մենք պարզաբանումները կտան»,-ասաց Արփինե Սարգսյանը: