Առողջապահության նախարար Անահիտ Ավանաեսյանը կառավարության հետ հարցուպատասխանից հետո լրագրողների հետ ճեպազրույցին անդրադարձել է խոսակցություններին, թե ինքը ստիպում է բուժաշխատողներին Գյումրու քաղաքապետի ընտրություններին իրենց ձայնը տան ՔՊ-ական թեկնածուին՝ Սարիկ Մինասյանին:
«Վա՜յ, վա՜յ, վա՜յ, այդ անձինք, ովքեր այդ մտավախություններն ունեն, ես նախ հորդորում եմ շատ հրատապ կերպով այդ մտավախությունները հայտնել իրավապահ մարմիններին, չվերագրել անձանց մի բան, որի մեջ իրենք են շատ լավ մասնագիտացած եղել»,- ասաց նա:
Անդրադառնալով իր Գյումրի մեկնելուն՝ ՔՊ-ի թիմի հետ և Գյումրիում դրամահավաքին մասնակցելուն, նախարարն ասաց. «Կիրակի օրն եմ գնացել Գյումրի, ոչ աշխատանքային օրով: Այո, մասնակցել եմ քարոզարշավի համար դրամահավաքի: Կներեք՝ նախարարը և կառավարությունը հենց քաղաքական մարմին են և չեն կարող լինել ապաքաղաքական: Բայց բացառվում է նման հրահանգ, որևէ ուղղորդում, որովհետև դրա կարիք չկա էլ»:
Ճշտող հարցին էլ՝ ինչո՞ւ են մարդիկ ընտրելու Սարիկ Մինասյանին, նա արձագանքեց. «Ես կարծում եմ, որ ՔՊ-ն այս տարիների ընթացքում բավական ձեռքբերումներ ունի, որոնք պետք է ներկայացնի մեր քվեարկողներին: Վստահ եմ, որ այս կարևոր գործը ներկայացնելով և նաև ներկայացնելով, թե ինչ է արվելու Սարիկ Մինասյանի հաղթանակի պարագայում, ես կարծում եմ, որ գյումրեցին իր ձայնը կտա ՔՊ-ին և Սարիկին»,- ասաց նա:











