Քաղցկեղով եւ արյան հիվանդություններով տառապող 17 երեխաների բուժման համար «Ամերիա» ընկերությունների խմբի կազմակերպած աճուրդում մոտ 10 մլն դրամ գումար հավաքվեց։ Դեկտեմբերի 23-ին կայացած աճուրդին ներկայացված էին 30 կտավներ, որոնք նկարել էին հայտնի մշակութային գործիչներ եւ նկարիչներ։ Նրանց շարքում էին Լեւոն Իգիթյանը, Արա Երնջակյանը, Նարեկ Սարգսյանը, Միքայել Պողոսյանը, Լեւոն Մալխասյանը, Վարդան Պետրոսյանը, Կարեն Ջանիբեկյանը, Երվանդ Մանարյանը, Հովհաննես Չեքիջյանը, Արա Գեւորգյանը, Էդուարդ Թոփչյանը եւ այլք։

«Մենք երկար էինք մտածում, թե ամանորյա եւ Սուրբ Ծնունդի տոներին ինչպիսի նվեր անենք, եւ որոշեցինք օգնել հիվանդ երեխաներին։ Նախորդ տարի նման ակցիա իրականացրինք, եւ հավաքված 19 մլն դրամի շնորհիվ հաջողվեց ծանր հիվանդ 6 երեխայի բուժել։Այս տարի մենք առաջարկեցինք մեր ընկերներին, մշակութային գործիչներին մասնակցել ակցիային»,-ասաց «Ամերիա» ընկերությունների խմբի զարգացման տնօրեն Տիգրան Ջրբաշյանը՝ նշելով, որ նրանք մեծ սիրով են համաձայնել մասնակցել։

Ջրբաշյանը աճուրդի ավարտին հայտարարեց նաեւ, որ «Ամերիա» բանկն աճուրդի արդյունքում գոյացած գումարը կկրկնապատկի։