Հայկական կողմը շտապում է և ցանկություն ունի ստանալ խաղաղության պայմանագիրը, բայց ադրբեջանական կողմը ոչ օր է նշում, ոչ ընթացքը, ինչպես, երբ է ստորագրվելու այդ պայմանագիրը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը:

«Իրենց համար կան դեռ անորոշություններ՝ կախված ընդհանուր միջազգային համակարգի հետ, Ռուսաստան, ԱՄՆ, Եվրոպա և իրենք ուզում են ժամանակ շահել, որ կողմորոշվեն՝ հնարավորություններ են ունենալու խնդիրները լուծելու համար:

Իշխանությունները ուզում են այս պայմանագիրը ներկայացնել մեր ժողովրդին, իբրև վերջնական խաղաղության պայմանագիր։ Իբրև թղթի վրա ստորագրած պայմանագիրը նշանակելու է խաղաղություն։ Դա իրենց պետք է, որովհետև  ընտրություններին մնացել է մեկ տարուց մի քիչ ավելի ժամանակ: Իրենց պետք է ինչ-որ մի բան, որ կարողանան մեր ժողովրդին ներկայացնեն դա որպես հաջողված իրական Հայաստանի ռեգիոնալ նոր դիրքավորում»,-ասաց նա:

Քաղաքագետը նկատեց, որ դեռ վաղ է խաղաղության պայմանագրի ստորագրմանը սպասելը՝ հաշվի առնելով Ադրբեջանի նախապայմանները. «Եթե նույնիսկ պատկերացնենք, որ վարչապետ Փաշինյանը արագ ինչ-որ ընթացք է տալու սահմանադրական փոփոխություններին, դա տևելու է ժամանակ և արդյունքն էլ ոչ ոք չի կարող ասել, որ միանշանակ լինելու է այն, ինչ ինքը ցանկանում է։

Ադրբեջանական կողմը շատ լավ գիտակցում է ինչ խնդիր է դրել և ինչի հետ է կապել այդ պայմանագրի ստորագրումը»: