Տիկին Վարդանյան, ասում եք՝ Դուք միայն ընդունում եք Ադրբեջանի բոլոր պահանջները, սա է ձեր համաձայնագիրը. Դրանից անմիջապես հետո, դուք ասում եք պահանջներ, որոնք շատ լավ վստահ եք, որ այդ պայմանագրում չկա, իսկ այդ պայմանագրի տեքստը համաձայնեցված է։ Այս մասին, այսօր՝ մարտի 14-ին, ԱԺ-ում կառավարության ծրագրի 2024-ի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանին:
«Խաղաղության համաձայնագրի համաձայնցված տեքստում հստակ գրած է, որ երկու կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, և դրա հիմքում ընկած է 1991 թվականի Ալմաթայի հռչակագիրը, որը շատ հստակ սահմաններ է գծում այդ տարածքային ամբողջականությունների համար: Դուք կարծում եք, որ սա մեր զիջումն է, Ադրբեջանի զիջումն է, Մալայզիայի զիջումն է, Պանամայի զիջումն է, դուք գնահատեք ոնց ուզում եք, ես համարում եմ սա էական ձեռքբերում։
Փաստաթուղթը առաջիկայում, երբ որ բարով-խերով կհրապարակվի, կգա Ազգային ժողով, կվավերացվի, ժողովուրդն էլ կտեսնի, որ չկա որևէ միակողմանի կարգավորում, չկա որևէ կարգավորում, որը մեզ ձեռնտու չի, ձեռնտու է միայն Ադրբեջանին, և չկա որևէ կարգավորում, որը մեզ տանում է ոչ թե խաղաղության, հարաբերությունների կարգավորման, այլ Հայաստանի նվաստացումն է արձանագրում»,-ասաց Արարատ Միրզոյանը:
Նա ընդգծեց, որ խաղաղությունը Հայաստանի գոյության միակ ձևն է. «Ադրբեջանի հետ խաղաղությունը և հարաբերությունների կարգավորումը բխում է Հայաստանի շահերից։ Կան հարցեր, որոնք կարգավորված են, անշուշտ կան հարցեր, որոնք դեռ պետք է կարգավորվեն, անշուշտ կան հարցեր, որոնք իրենք այլ կերպ են նայում, մենք այլ կերպ ենք նայում: Կան պահանջներ, որոնք իրենք ունեն, որ մենք չենք կիսում, կան պահանջներ, ակնկալիքներ, որ մենք ունենք, իրենք չենք կիսում։ Կան հարցեր, որ գուցե մինչև վերջը վերջը էլ աշխատենք միասին և կարգավորված չմնա, օրինակ, չգիտեմ, անհայտ կորածների ճակատագրերի պարզաբանում: Թնջուկը և բարդությունների խումբը իսկապես մեծ է, բայց խաղաղությունը ընդհանրապես հեշտ գործընթաց չի, եթե այդպիսի լիակատար փոխըմբռնում լիներ, արդեն բոլոր հարցերը լուծված կլինեին»,-ասաց ԱԳ նախարարը: Նա Հայաստանին վատ ծառայություն համարեց հայտարարությունները, թե Ադրբեջանն ինչ պահանջում է, Հայաստանը տալիս է:
«Այստեղ նստած մեր ընդդիմադիր գործընկերներին շատերը ինձնից լավ գիտեն դա: Ես առաջարկում եմ չմտնել այդ թակարդը, մարդկանց հիմար բաներով չխաբել: Հիմարություն ես համարում եմ ժողովրդին տրված այն խաբկանքը, պատրանքը, որ օրինակ խաղաղությունը ունի այլընտրանք ի դեմս պատերազմի, ի դեմս հոխորտանքների, ի դեմս ռազմական գործողությունների»,-ասաց Միրզոյանը:
Սա առաջացրեց ընդդիմադիր պատգամավորների վրդովմունքը եւ նրանք սկսեցին տեղից խոսել. «Հիմարությունը ո՞րն է»:
Միրզոյանը շարունակեց. «Ես ասում եմ եկեք կարճաժամկետ քաղաքական դիվիդենտների պատճառով ՀՀ քաղաքացիներին, հայ ժողովրդին Հայաստանի Հանրապետությունը ավելի խորը փոսի մեջ չքցենք, դուք բռնում եք մի հատ բառի մասով բան եք սարքում»:
Քրիստինե Վարդանյանն արձագանքեց. «Այստեղ ՀՀ-ին վատ ծառայություն մատուցվող անձինք Ադրբեջանի պահանջները կատարողներն են, մենակ: Ավելի վատ ծառայություն Հայաստանի Հանրապետությանը չէր կարելի որևէ ձև մատուցել։ Իմ կարճաժամկետ էլ, երկարաժամկետ էլ դիվիդենտը այն կլիներ, որ մենք ունենայինք իշխանություն, որ Ադրբեջանի պահանջները բանակցային սեղանին կարողանար որևէ ձև զսպել, հակակշռել:
Դուք տարրական հարցի արդեն երկու տարի է չեք կարողանում պատասխանել։ Ես ուզում եմ այս հարցը իրոք էմոցիաներից դուրս քննարկել։ Տարրական հարց է ձեզ հնչում՝ Ադրբեջանը վերջը ի՞նչ է զիջում, որ մի պահանջին եք կարողացել դիմագրավել: Ադրբեջանի պահանջները մենակ ավելացել են:
Երկորդն էր պարզ հարց է, որո՞նք են խաղաղության օրակարգի դեմ այսպես կոչված գործողությունները, որոնք պայմանավորվել եք Ադրբեջանի հետ, որ պիտի այնպես անեք, որ երկրներում չլինի»:











