Սա հերթական ձախողումն է Հայաստանի իշխանությունների և մասնավորապես դիվանագիտության։ Այս մասին, այսօր՝ մարտի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով խաղաղության համաձայնագրին:

«Միակ հիմնավորումը, որ արտգործնախարարը բերեց, որ մեզ անհրաժեշտ է խաղաղություն, որը բխում է Հայաստանի շահերից: Այսինքն Ադրբեջանը ինչ պարտադրել է, այս իշխանությունները համաձայնեցրել են և հիմա այս իշխանությունները շանտաժի են ենթարկվում ՀՀ ժողովրդին և համայն հայությանը, որ եթե հանկարծ մենք Ադրբեջանի պահանջներին չենթարկվեինք, պատերազմ կլիներ։

Մենք հարցրեցինք՝ նշեք գոնե մի մի հարց, որում Ադրբեջանը գնացել է զիջումների, որպեսզի կարողանանք ասենք՝ եղել է փոխզիջում։ Ալմա-Աթայի մասին առաջինը Ադրբեջանն էր խոսում դեռևս 2008 թվականի դեկտեմբերի 29-ին:

Այսինքն եթե ԱԳ նախարարը չի կարողանում մի զիջում ներկայացնել Ադրբեջանի կողմից, ինչի՞ մասին է խոսքը: Հայկական որևէ պահանջ, որին Ադրբեջանը համաձայնելը, չենք տեսնում: Փոխզիջում չի կարելի կոչել մի գործընթաց, որտեղ մի կողմը անընդհատ զիջում է»,-ասաց նա:

Հարցին՝ կարծում է, որ այս փաստաթուղթըպետք չի ստորագրե՞լ, ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց. «Ադրբեջանցիները հայտարարել են, որ այս փաստաթղթի ստորագրման նախապայմանը սահմանադրության փոփոխությունն է։ Ամեն ինչ պետք է արվի, որպեսզի այդ թուղթը, որի նախագիծը միգուցե և Բաքվում է գրվել և ուղարկվել այստեղ, չանցնի»:

Անդրադառնալով նրան, որ ՀՀԿ-ն արդեն այդ փաստաթուղթը կոչել է երկրորդ կապիտուլյացիա, Արթուր Խաչատրյանն ասաց. «Փաստաթուղթը, որը մենք դեռ չենք տեսել, բայց այն ինչ որ մենք տեսել ենք, խաղաղության որևէ տարր իր մեջ չի պարունակում: Դա միանշանակ ադրբեջանական պահանջներ է։ Եթե այդ ամեն ինչը ստորագրվի, եթե ադրբեջանական մյուս պահանջներին ենթարկվեն, բա դ ի՞նչ է, եթե ոչ կապիտուլյացիա»:

Ինչ վերաբերում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գրառմանը, թե ՀՀ որևէ իշխանություն նախկինում դուխ չի ունեցել խաղաղության գործընթացը մինչև վերջ տանելու, միայն Փաշինյանն է, որ այսպես դուխ է ունեցել, պատգամավորն ասաց. «Այսինքն թշնամու առաջ ծնկի գալը դուխ է պահանջո՞ւմ, պարտվելը քաջություն է պահանջո՞ւմ: Դուխ ունենալը դուխով գլխարկ դնե՞լն ա, կամ վրեն մի լիտի դուխի փչե՞լն ա: Դուխ ունենալը թշնամու դեմ պայքարելն է, որը ինքը չարեց։

Բժշկության և քաղաքականության և ընդհանրապես բոլոր բնագավառներում կա մի մոտեցում՝ մի վնասիր: Այսինքն եթե չես կարողանում իրավիճակը շտկել, էլ ավելի մի փչացրու»: