Սա իսկապես այն դեպքերից է, որ ոչ այնքան կառուցողական հայտարարություններով ուղղակի տորպետահարում ենք բանակցային գործընթացը, խաղաղ կարգավորումը և հարաբերությունների հաստատումը: Այս մասին, այսօր՝ մարտի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով նրան, որ Ադրբեջանի նախագահի խորհրդականը հայտարարում է, որ Հայաստանը պետք է իբր թե օկուպացված տարածքների համար փոխհատուցում տա։

«Միանշանակ ոչ միայն չեմ կիսում, այլև եթե պետք լինի, ես կարող եմ տասնյակ կետեր ասել, որտեղ կողմից ոտնահարվել են թե՛ մարդու իրավունքները, թե՛ նյութական վնասը:

Բայց ուզում եմ ասել, որ այն պահին, երբ որ ուժի մեջ կմտնի խաղաղության պայմանագիրը և կողմերը հետ կքաշեն հայցերը, միևնույն ժամանակ պարտավորություն են ստանձնում երկու կողմներ, ապագայում ևս հանդես չգալ գալ իրար նկատմամբ հայցերով այն խնդիրների շուրջ, որոնք գոյություն են ունեցել կողմերի միջև մինչև պայմանագիրը ստորագրումը։ Այսինքն բոլոր այն վեճերը, որ մենք հիմա ունենք, ենթադրվում է, որ բոլոր այդ վեճերով պետք է կողմերը գնան հաշտեցման»,-ասաց նա:

Խոսելով Ադրբեջանի կողմից նախապայմաններ առաջ քաշելու մասին, Արարատ Միրզոյանն ասաց. «Այդ նախապայմանները հնչեցվել են նախկինում ևս, մեր կողմից դրանց լեգիտիմությունը և օրակարգի մաս լինելը երբևէ չի ընդունվել, մենք այդ մասին երբևէ չենք բանակցում։ Եղել է այն մտքերի փոխանակությունը այն մասին, որ մենք ունենք այսպիսի պահանջ, մենք էլ ասում ենք՝ դե մենք էլ ունենք այսպիսի պահանջ, ձեր պահանջն էլ չենք ընդունում»:

Դիտարկմանը, որ ստացվում է, որ Ադրբեջանի նախապայմանների պատճառով խաղաղության համաձայնագրի ստորագրումը ձգձգվելու է, ԱԳ նախարարն ասաց. «Լավ չի, որ այդպիսի նախապայման են դնում: Դե եթե ստորագրումը արդեն կարողանայինք անել և մենք հուսով ենք և պատրաստ ենք, որ պետք է արդեն ձեռնամուխ լինենք ստորագրմանը: Մենք երեկ նաև առաջարկեցինք սկսել խորհրդակցել, կոնկրետ տեղի ժամի վերաբերյալ: Այո, ցավոք կան զուգահեռ նախապայմաններ կա, պետք է աշխատենք, տեսնենք ոնց լուծում կգտնենք։ Ընդհանուր կարգավորման գործընթացը շարունակվում է, այո»: