Մոսկվայի Սախարովի հրապարակի «Հանուն արդար ընտրությունների» հանրահավաքում ելույթ է ունեցել Քսենիա Սոբչակը: Նրա ելույթի ժամանակ սուլել են, բայց նա իր խոսքն այնուամենայնիվ ասել է: «Արդեն հաղթանակ է այն, որ մարդիկ եկել են հանրահավաքի, հիշեցրել են իրենց մասին: Ես չեմ ուզում հաջորդ ընտրություններին դեմ քվեարկել, ուզում եմ կողմ քվեարկել», - ասել է նա: «Եկեք պայքարենք իշխանությունների վրա ազդելու համար», - հավելել է Սոբչակը եւ առաջարկել նոր կուսակցություն հիմնել:

Ավելի վաղ ելույթ ունեցած ընդդիմադիր քաղաքական գործիչ Գարի Կասպարովը հայտարարել է, որ ձմռանը կհաջորդի իսկական քաղաքական գարունը: «Մենք շատ ենք, նրանք քիչ, նրանք ոստիկանության շղթաներին են ապավինում: Նրանք վախենում են, որովհետեւ մենք կորցրել ենք վախը»: Գարի Կասպարովը Ռուսաստանի իշխանությունները, խորհրդարանը եւ ընտրությունների ինստիտուտը ձեւական է անվանել: «Հնարավոր չէ անարդար ընտրությունների դեմ բողոքող քաղաքացիների հանրահավաքը վերածել գլամուրային խնջույքի», - հայտարարել է գրոսմայստերը:

«2013թ. կլինի նոր Ռուսաստանի տարի: Առանց Պուտինի Ռուսաստանի», - նրա այս խոսքերը որսացել են ցուցարարները:

Իլիա Յաշինը հաղորդել է, որ բանտի պահակը, որտեղ իրեն 15 օր պահել են, այսօր ներկա է հանրահավաքին, ինչի մասին իրեն տեղեկացրել է նամակով: Մարդիկ սկսել են վանկարկել` «Ոստիկանությունը ժողովրդի հետ է»:

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, Ալեքսեյ Նավալնին բեմ է բարձրացել «Ցանցային խոմյակներից բանդերլոգներին ողջույն» խոսքերով:

Կազմակերպիչները հայտնել են, որ, իրենց գնահատականներով, հանրահավաքին ավելի քան 120 հազար մարդ է հավաքվել:

Միեւնույն ժամանակ, ՆԳՆ պաշտոնական տվյալներով, հանրահավաքի մասնակիցների առավելագույն թիվը 29 հազար է եղել: