Երեւանի Հանրապետության հրապարակից այսօր` դեկտեմբերի 24-ին մեկնարկել է «Ձմեռային Փառատոն Հայաստան 2011»-ը: Ինչպես լրագրողների հետ զրույցում նշել է փառատոնի գաղափարի հեղինակ, «Դիիմ քոմյունիքեյշնզ» ընկերության տնօրեն Րաֆֆի Նիզիբլյանը, փառատոնն անցկացվում է արդեն հինգերորդ տարին:
Գույնզգույն հագուստներով փոքրիկներն ու հեքիաթային հերոսները` եկող տարվա խորհրդանիշ Վիշապի եւ հայկական Կաղանդ պապի գլխավորությամբ, Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Բաղրամյան-պողոտա երթուղով շարժվել են դեպի Սիրահարների այգի, որտեղ մինչեւ դեկտեմբերի 27-ը բազմապիսի միջոցառումներ են կայանալու` համերգներ, ձմեռային խաղեր, ձեռքի աշխատանքների մրցույթ եւ այլն:
«Նման փառատոն անցկացվում է շատ երկրներում, ու փորձը ցույց է տվել, որ այն նպաստում է զբոսաշրջության զարգացմանը»,- նշել է փառատոնի կազմակերպիչը:
«Ձմեռային Փառատոն Հայաստան 2011»-ի ամենասպասված իրադարձությունը լինելու է Ձմեռ պապերի վազքարշավը` դեկտեմբերի 25-ին եւ 27-ին, որին մասնակցելու են միայն Ձմեռ պապի շորերով մասնակիցները: Հաղթողին տրվելու է iPad համակարգիչ:











