Ադրբեջանի եւ Իսրայելի փոխգործակցությունը երկար պատմություն ունի, նրանց միջեւ հաստատվել են սերտ հարաբերություններ, եւ, հաշվի առնելով նաեւ Իսրայելի լուրջ ազդեցությունը ԱՄՆ-ում, փորձ է արվում այդ համագործակցությունը Բաքվի ներգրավմամբ վերածել եռակողմ ձեւաչափի։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Լիհայ ամերիկյան համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանը։
Նա սա անվանել է չափազանց անցանկալի սցենար Հայաստանի համար, մանավանդ եթե նման համագործակցությունն ուղղված է ոչ թե տարածաշրջանային կայունության հաստատմանը, այլ Իրանի վրա ճնշում գործադրելուն կամ ԻԻՀ-ին հարվածելուն։ Գրիգորյանը կրկնել է, որ դա չի համապատասխանում Հայաստանի շահերին։
Փորձագետը մատնանշել է The Jerusalem Post պարբերականի հոդվածը՝ այն անվանելով կարեւոր եւ հետաքրքիր։ Նա հիշեցրել է, որ այնտեղ ասվում է, որ Թրամփի խորհրդականի այցն Ադրբեջան նախաձեռնել են Իսրայելի վարչապետը եւ հրեական պետության կրոնական խմբերի առաջնորդները, որոնք շահագրգռված են ԱՄՆ, Իսրայելի եւ Ադրբեջանի միջեւ կոալիցիայի ստեղծմամբ, ինչպես նաեւ Բաքվին Աբրահամի համաձայնագրում ընդգրկելով։
Գրիգորյանն ավելացրել է, որ պարբերաբար բարձրացվում է նաեւ Իրանում բնակվող ադրբեջանցիների հարցը՝ փորձելով այնտեղ ադրբեջանական անջատողականություն հրահրել։ «Եվ այս համատեքստում կարելի է բանակցություններ վարել նաեւ Ադրբեջանի հետ»,- ընդգծել է քաղաքագետը։
Նա չի բացառել, որ դրանք հեռուն գնացող պլաններ են, որոնք այժմ անիրական են թվում։
Թրամփի ներկայացուցչի այցը Բաքու համակարգված քայլ է Իսրայելի, ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի կողմից











