Լույս է տեսել «Նրանց ժամանակը» գրքի հեղինակ, «Կինոաշխարհ» կայքի խմբագիր, լրագրող Ռուզաննա Բագրատունյանի «Համր կինոյի խոսուն կանայք» հանրամատչելի ժողովածուն, որի շնորհանդեսը տեղի ունեցավ երեկ՝ մարտի 18-ին «Զանգակ» գրատանը:
«Համր կինոյի խոսուն կանայք» գիտահանրամատչելի ժողովածուն միավորում է համր ֆիլմերում (Հայաստանում և արտասահմանում) հանդես եկած քառասուն դերասանուհիների և կին կինոգործիչների, որոնք համարձակություն են ունեցել ճանապարհ հարթելու մի ժամանակաշրջանում, երբ կինոն նոր էր մտնում հայկական մշակութային կյանք: Ժողովածուն, որպես հարգանքի տուրք, նրանց ստեղծագործական կյանքի ու արվեստի գնահատման և կինոսեր հասարակության մեջ նրանց ճանաչելի դարձնելու համեստ փորձ է:
Ժողովածուն մի փորձ է մեկտեղելու այն կանանց դիմանկարները, որոնք հնարավորություն են տալիս տեսնելու հայկական համր կինոյի լինելության ճանապարհին կանանց թողած հետագիծը և պատկերացում կազմելու նրանց ներգրավվածության աստիճանի և կինոդերասանական վարպետության առանձնահատկությունների մասին։
Ժողովածում հեղինակը չի սահմանափակվել միայն հայկական համր ֆիլմերում խաղացած դերասանուհիների գործունեությունը ներկայացնելով: Հետազոտության նպատակն է եղել հայտնաբերել նաև այն հայ կանանց, որոնք մնացել են ռուսական և արևմտյան համր կինոյի պատմության մեջ, ինչպես նաև այն կանանց, որոնք ընդգրկված են եղել Հայկինոյի տարբեր արտադրամասերում ու վարչական օղակներում և իրենց մասնագիտական որակներով ու բարեխիղճ աշխատանքով նպաստել են հայ կինոյի կայացմանը:
Հետազոտության աշխատանքները ծավալվել են ՀՀ ազգային արխիվում, փաստեր են քաղվել թիվ 1381 ֆոնդից, կինոֆոնդերից ( «Պետլուսկինոյի» 1924-1935 թթ. ֆինանսական, գործառնական մատյաններ, հրամանագրքեր, որոշումներ, արձանագրություններ, հաստիքացուցակներ, անձնական գործեր և այլ բնույթի փաստաթղթեր)։ Ուսումնասիրվել են ՀՀ ազգային արխիվի «Կինոֆոտոֆոնո փաստաթղթերի և ապահովագրական պատճենների մասնաճյուղ» ՊՈԱԿ-ում գտնվող ֆիլմերը և նյութերը։ Ինչպես նաև Գրականության և արվեստի թանգարանի կինոյի և թատրոնի ֆոնդերում պահպանվող հայ կինոյի համր շրջանի նյութերը (կինոյի և թատրոնի դերասանուհիների կենսագրություններ, նամակներ, լուսանկարներ և այլ փաստաթղթեր)։ Ուսումնասիրվել են կինոյին ու կանանց առնչվող մամուլն ու գրականությունը («Խորհրդային արվեստ», «Խորհրդային Հայաստան», «Հայաստանի աշխատավորուհի», «Գեղունի» (Վենետիկ) և այլն)։ Օգտագործվել են նաև «Հայկական կինո» լիակատար կատալոգի աղբյուրներն ու տեղեկատվությունը, ինչպես նաև հնարավոր բոլոր բաց աղբյուրները։











