Խաղաղության պայմանագրով մենք որևէ զիջում չենք անում, սա երկկողմանի գործընթաց է: Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով պնդումներին, որ 750 մլն դոլարի եվրոբոնդերի թողարկումը կապ ունի խաղաղության պայմանագրի զիջումների հետ, սա այն գինն է, որը ստացավ Հայաստանը՝ զիջման դիմաց:

Հարցին՝ դուք մտահոգիչ չեք համարո՞ւմ այն, որ Հայաստանը իր ինքնիշխան տարածքում, սահմանին որևէ մեկի կանգնել-չկանգնելու թույլտվություն տալ այլևս չի կարող, որովհետև Ալիևի հետ նման փաստաթուղթ է ստորագրել, արդյոք սա ինքնիշխանության զիջում չէ, նախարարը պատասխանեց. «Եթե դա երկկողմանի համաձայնություն է, Ադրբեջանն էլ իր ինքնիշխանությո՞ւնն է մեզ զիջում։ Հիմա կարող է՝ մենք էլ չենք ուզենալու, որ մեր սահմանին որևէ մեկը լինի, եթե մենք դելիմիտացված սահման ունենանք: Եթե խաղաղության վերաբերյալ համաձայնություն կա, ապա ես կարծում եմ, որ այդ սահմանազատման գործընթացն էլ մինչև վերջ շարունակվելու է:

Ես հավատում եմ, որ ստորագրվելու է այդ համաձայնագիրը և հույս ունեմ հնարավորինս շուտ Ես շատ մեծ հույս ունեմ, որ լինելու է խաղաղություն»: